Կոալիցիոն համաձայնությունները շարունակում են գործել

16:23 31/01/2012 » Վերլուծություններ

Կոալիցիոն համաձայնությունները շարունակում են գործել

«Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան կոալիցիայի հանդիպումները կհաճախակիանան»: Երեկ կոալիցիայի ընդլայնված նիստից հետո հայտարարել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Թեև նիստի ու դրա ընթացքում կայացված որոշումների մասին պաշտոնապես այլ մանրամասներ չեն հաղորդվում, ասվածն էլ բավական է հասկանալու համար, որ կողմերը որոշակի համաձայնություններ ունեն և կոալիցիայի փլուզում, ինչպես որ կանխատեսվում էր շատերի կողմից, առայժմ չի սպասվում:

Ասել, թե իշխանական կուսակցությունների հարաբերություններում ամեն ինչ կանխորոշված է, հաստատ այնքան էլ տեղին չի լինի ու անիմաստ՝ քաղաքական գործողությունների տրամաբանությունի դուրս: Ինչ-ինչ հայտարարություններ ու գործողություներ, որ ինֆորմացիոն հոսքերում գնհատավում ու մեկնաբանվում են որպես «Հեռահար կրակոցներ ու սպառնալիքներ», հատկապես վերջին օրերի ընթացքում, կարծես թե, ավելի ինտենսիվ են դարձել (կամ էլ՝ որպես «ավելի ինտենսիվ» ներկայացվում են):
 
Այլ հարց է` որքանո՞վ են այդ հրապարակային դրսևորումները կանխամտածված ու կարգավորվող՝ կուսակցական «վերևների կողմից» կամ համաձայնեցված նրանց հետ:

Փորձը ցույց է տալիս, որ ժամանակ առ ժամանակ տեղ գտնող նման բռնկումները կուսակցությունների ղեկավարների հերթական հանդիպման արդյունքում նույն պարբերականությամբ էլ մարում են: Երեկվա հանդիպմանը հետևած հայտարարությունները, երբ կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ ինքը կոռեկտության սահմաններում է եղել, վկայում են, որ այս դեպքում էլ «ներքևների» վարքը քննարկվել է և համապատասխան որոշումներ են կայացվել:

Թերթերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ կոալիցիայի նիստում որոշել են պայմանավորվել երեք հարցի շուրջ.
 Ա/ հրապարակային չքննադատել ու չվիրավորել միմյանց,
Բ/ առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ` պարզաբանելու համար ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու որոշումը,
Գ/ հանդիպել հաճախակի:

Եթե սա իրականությանը համապատասխանում է, կնշանակի, որ կուսակցությունների ղեկավարները տիրապետում են իրավիճակին: Եղած արտահոսքն էլ նշանակում է.
 Ա/ կոալիցիայի առաջնորդները հասկանում են, որ նախընտրական սուր մրցակցության պայմաններում երբեմն չգրված կանոններ են խախտվում և հնարավորության սահմաններում այդ կանոները թղթին հանձնելու (սահմանելու) կարիք կա,
Բ/ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը սեփական գոյության անհրաժեշտության մեջ հասարակությանը համոզելու խնդիր ունի` պայմանով, որ դա չի անելու մյուսի հաշվին՝ պատասխանատվությունից խուսափելով, և
Գ/ հասկանալով իրենց անձնական դերը ողջ գործընթացում` հաճախակի հանդիպումներով օպերատիվություն հաղորդել հնարավոր բռնկումները մարելու իրենց գործողություններին:

Գոնե այս փուլում կարելի է ենթադրել, որ կոալիցիայի առաջնորդները գործը «ապահարզանի» հասցնելու միտք չունեն: Իսկ այդ մտադրությունները որքանով իրական կլինեն, ցույց կտան մոտակա զարգացումները: Առաջին փորձաքարն, ըստ էության, ՏԻՄ ընտրություններն են Հրազդանում:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Արմեն Մինասյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց