15:00 03/02/2012 » Վերլուծություններ

Հասարակական կոնսենսուս. Ժողովրդին հանա՞ծ, թե՞ հաշված

Օրերս կայացած ասուլիսում Ալեքսանդր Արզումանյանը, խոսելով ընտրական համակարգի շուրջ ծավալված քննարկումներից, բառացիորեն ասել է. «Կա «կոնսենսուս մինուս մեկ» հասարակության մեջ՝ միայն իշխող ՀՀԿ-ն է դեմ արտահայտվում»:

Ձևական տեսանկյունից պնդումը խնդրահարույց է անգամ քաղաքական դաշտի առումով: Ի վերջո գրանցված մոտ ինը տասնյակ կուսակցություններից ոչ բոլորն են տեսակետ արտահայտել, և հայտարարությունը, թե միայն ՀՀԿ-ն է դեմ, բավականին պատասխանատու է: Այնուամենայնիվ, համարենք, որ Ալեքսանդր Արզումանյանն իր գնահատականում ճիշտ է և հարցը դիտարկենք մեկ այլ հարթության մեջ: Մասնավորապես` հնչած գնահատականի մեջ «հասարակության մեջ» բառակապակցության օգտագործմանը:

Տպավորությունն այնպիսին է, որ տվյալ դեպքում Ալիկ Արզումանյանը փորձում է հասարակությունը փոխարինել իրենցով` քաղաքական դաշտի խաղացողներով: Հակառակ դեպքում անհրաժեշտ է ցույց տալ այն գործիքը, այն մեխանիզմը, որով չափել են հասարակական տրամադրություններն ու ըստ այդմ կոնսենսուսի եկել:

Ժամանակակից Հայաստանում բավականին հաճախ քաղաքական այրերը հայտարարություններ ու գնահատականներ են հնչեցնում` վկայակոչելով հասարակությանը կամ ժողովրդին: Բայց այդպես էլ հայտնի չի դառնում, թե ինչպես չափվեցին, սահմանվեցին կամ ձևակերպվեցին հասարակական պահանջները, ավելին` հասարակական կոնսենսուսը: Սա չափազանց կարևոր է այն առումով, որ այդ նույն գործիչները հաջորդ քայլափոխին` սեփական ձախողումներն արդարացնելու դրդապատճառով, չեն խորշում այդ նույն հասարակությանը վիրավորելուց կամ պիտակավորելուց:

Դիտարկենք թեկուզ ընտրական համակարգի շուրջ ընթացող քննարկումների կոնտեքստում: ՀԱԿ-ական (ու երբևէ ընդդիմություն եղած բոլոր ուժերի) գործիչները գրեթե ամեն հայտարարության մեջ վկայակոչում են ժողովրդին. խոստանում են ժողովրդին հանել փողոց, իրենց գործունեությունը որակում են համաժողովրդական շարժում, երկխոսության գնալիս էլ անպայման ժողովրդի անունից են խոսում, բայց հենց տեղը գալիս է, որ պիտի գնան, ասենք, մեծամասնական ընտրակարգով առաջադրվեն ու պայքարեն մրցակիցների դեմ, պարզվում է` ժողովուրդը «տեղական հեղինակությունների ազդեցության տակ» ապահովում է իշխանության հաղթանակը:

Հիմա հարց է առաջանում` իշխանության հաղթանակն ապահովող այդ ժողովուրդն այն նույն ժողովո՞ւրդն է, որի անունից հանդես են գալիս երկխոսողներն ու կոնսենսուսի հասնողները, թե բոլոր դեպքերում, խոսքը տարբեր ժողովուրդների մասին է: Եթե` ոչ, ապա ո՞ւմ եք դուք ներկայացնում ընդհանրապես: Եթե` այո, ապա ով է ձեզ լիազորել ներկայացնել ժողովրդին, և ո՞վ է իրավունք տվել վիրավորել այդ նույն ժողովրդին:

Հ.Գ. Չնայած տևական ժամանակ ընտրական համակարգի թեման արծարծվում է քաղաքական դաշտում, անգամ այդ թեմայով խորհրդարանական լսումներ են նշանակվել, մինչ օրս որևէ հետազոտություն չկա, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի այս հարցի շուրջ: Փայլուն ինդիկատոր է` հասկանալու համար, թե քաղաքական ուժերը որքանով են ներկայացնում հանրային պահանջներն ու հենվում դրանց վրա: 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Արմեն Մինասյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց