Ինչո՞ւ Ադրբեջանը գազ չի վաճառում Ուկրաինային կամ թերարժեքության արժեքը

13:43 04/02/2012 » Հասարակություն

Ինչո՞ւ Ադրբեջանը գազ չի վաճառում Ուկրաինային կամ թերարժեքության արժեքը

Վերջին օրերին ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ադրբեջանա-ուկրաինական գազի մատակարարման շուրջ ծագած սկանդալը, երբ պաշտոնական Բաքուն վերջին պահին հրաժարվեց ստորագրել Կիևի հետ նախօրոք համաձայնեցված հուշագիրը, որով կողմերը ծրագրում էին սկսել հեղուկ գազի մատակարարում:

Հուշագիրը նախատեսում էր Սև ծովի ուկրաինական ափին հեղուկ գազի ընդունման հատուկ տերմինալի կառուցում` Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպական մի շարք ընկերությունների ֆինանսավորմամբ, որով ադրբեջանական հեղուկ գազը` վերածվելով բնականի «կհոսեր» ուկրաինացի սպառողներին: Պաշտոնական Կիևի համար սա երազելի այլընտրանք էր ռուսական գազի մենաշնորհից իր կախվածությունը թուլացնելու համար, սակայն այն առկախվեց, երբ Ադրբեջանը հրաժարվեց Ուկրաինայի «երազած» գազը վաճառել` պատճառաբանելով, թե վերջինս, «չնայած բազմաթիվ զգուշացումների շարունակում է զենք վաճառել Հայաստանին»:

Նման պատճառաբանությամբ Ուկրաինային մերժելը զավեշտալի է, և հետևաբար արժե հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում և արդյոք Ուկրաինայի կողմից Հայաստանին զենք վաճառելն է տեղի ունեցածի իրական պատճառը, թե սա Ադրբեջանի էներգետիկ դիվանագիտության հերթական «գոհարներից» է:

Նախ` սկսենք զենքի վաճառքի փաստից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ռազմական մրցավազքին հայկական կողմը ադեկվատ պատասխան է տալիս, և Բաքուն այդպես էլ չի կարողանում հասնել ցանկալի առավելությանը: Քանիցս ավելացնելով ռազմական բյուջեն` Ադրբեջանը զենքի գնման մեծ պահանջարկ է ներկայացնում: Այն բավարարելու հարցում նրա հիմնական գործընկերը հենց Ուկրաինան է, որն իր հերթին մեծացնում է զենքի արտահանման ծավալները և Ադրբեջանը այդ զենքի գնորդներից մեկն է:
Ինչպես գրում են ուկրաինացի մասնագետները, ուկրաինական զենքը նախ փորձարկում է անցնում ադրբեջանական բանակում և միայն հետո արտադրվում ուկրաինական բանակի համար: Ինչևէ, Ուկրաինայի զենքի արտահանման մեջ Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 7%` հիմնականում ծանր տեխնիկա և ավիացիա:

Ի տարբերություն Ադրբեջանի` Ուկրաինան Հայաստանի համար երբեք չի եղել զենքի հիմնական մատակարար, թերևս բացառություն են կազմում թեթև հրազենի որոշ տեսակներ, որոնք Երևանը ձեռք է բերում Կիևից ոչ մեծ քանակով: Այն դեպքում, երբ Ադրբեջանը, տարիներ շարունակ զենք գնելով Ուկրաինայից` այսօր այդ երկրից լուրջ կախվածություն ունի այդ զենքի ու զինամթերքի վերանորոգման, սպասարման և դրանց պահեստամասերի գնման հարցում: Այսինքն, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը կարող է ցանկացած պահի հրաժարվել ուկրաինական զենքից, հետևաբար տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ է իրականում թաքնված այս «դեմարշի» հետևում և ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում Եվրոպայի գազի ամենամեծ շուկաներից մեկը մուտք գործելու հնարավորությունից:

Գազի սպառման ծավալներով, տարեկան մոտ 52 մլրդ.խ/մ, Ուկրաինան Եվրոպայի ամենախշոր շուկաներից է, եւ այդ շուկան աճման միտում ունի, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ գազ առաքող ցանկացած երկրի համար նման շուկայում տեղ ունենալը առավելություն է: Այդ պայմանագրով Ադրբեջանը պետք է սկզբնական շրջանում տարեկան 5 մլրդ., իսկ հետագայում մինչեւ 10 մլրդ խ/մ գազ առաքեր: Թվում է թե երկուսն էլ շահում էին` մեկը ստանում է այլընտրանքային գազ, մյուսը` կայուն շուկա:

Գործարքի չկայացման իրական պատճառը մի քանիսն են: Ադրբեջանն ուղակի չունի անհրաժեշտ քանակությամբ գազ Ուկրաինային մատակարարելու համար: Ներկայումս Ադրբեջանը արդյունահանում է տարեկան մոտ 15 մլրդ. խ/մ գազ, որից 6.6 մլրդ.խ/մ սպառվում է ներքին շուկայում հետևաբար մնացած 8.4 մլրդ. խ/մ բավարար չէ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Թուրքիայի հետ արդեն իսկ գործող պայմանագրերը իրականացնելու համար: Անգամ 2017թ-ին Շահ-Դենիզ-2 կոչվող գազահորի շահագործման դեպքում Ադրբեջանը չի ունենա հնարավորություն այդ գազը Ուկրաինային մատակարարելու, քանի որ արդեն իսկ կան Թուրքիայի հետ կնքված պայմանագրեր և նախատեսվում է կառուցել «Տրանսանադոլու» կոչված գազամուղը, որի պահանջարկը բավարարելու համար Ադրբեջանը 2017թ-ից պետք է առաքի մինչ 16 մլրդ. խ/մ գազ:

Բացի այդ, Ադրբեջանը հեղուկ գազի մատակարարման համաձայնագիր ունի Ռումինիայի հետ և «AGRI» կոչվող պայմանագրի շրջանակներում նախատեսվում է գազի տերմինալներ կառուցել Վրաստանի և Ռումինիայի ափամերձ շրջաններում, որտեղից գազատարներով հեղուկ գազը պետք է հոսի դեպի Եվրոպա: Այս ծրագիրը արդեն իսկ ընդգրկվել է Եվրամիության «Հարավային միջանցք» կոչվող նախագծում եւ նախատեսված է 4 մլրդ. եվրո ծախսել Վրաստանի եւ Ռումինիայի ափամերձ շրջաններում գազի հեղուկացման տերմինալների կառուցման համար: Ի տարբերություն Ուկրաինայի հետ կնքվելիք պայմանագրի, որի ֆինանսավորման հարցերը դեռ պարզ չէր:

Ինչևէ, իրեն «հարավկովկասյան Քուվեյթ» հռչակած Ադրբեջանը, սեփական էներգետիկ «ամլությունը» թաքցնելու համար փորձում է հրաժարվել նախնական համաձայնությունից, դրան հնարավորինս քաղաքական գրավչություն հաղորդելով և որոշակի դիվիդենտներ շահելու ակնկալիքով` մասնավորապես պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստան:
Չմոռանանք նաեւ, որ Ուկրաինան ռուսական «Գազպրոմ» ընկերության անվանդական շուկան է, հետևաբար փորձելով մուտք գործել այստեղ, Բաքուն իր դեմ է տրամադրում նաև Մոսկվային: Ուկրաինան Ռուսաստանի համար կենսական նշանակության երկիր է եւ անկախ նրանց միջեւ եղած տարաձայնությունների Մոսկվան թույլ չի տա, որ գազի շուկայի «թզուկները» մուտք գործեն իր «հետնաբակը»: Այսինքն` այստեղ կա հստակ ընդգծված քաղաքական գործոն, երբ «խնդրել են» Բաքվին չանհանգստացնել հյուսիսային հարեւանին ու մուտք չգործել նրա ավանդական տարածքները:

Հետևաբար, կարող ենք ասել, որ Բաքուն դարձել է իր իսկ մեծամտության զոհը և փորձում է հրաժարվել այդ համաձայնագրից` փախչելով հետնամուտքով, և դրա համար, ըստ նրա, լավագույն առիթը Ուկրաինայի կողմից Հայաստանին իբր թե զենքի վաճառքի փաստն է:

Ադրբեջանցիների` անհուսալի գործընկերներ լինելու փաստը վաղուց հայտնի է եւ այս վերջին իրադարձությունները դրա ապացույցն են: Ադրբեջանը չի կարողանում կատարել գազի մատակարարման արդեն իսկ գործող պայմանագրերը նույնիսկ իր հիմնական դաշնակից Թուրքիայի հետ: Հիշեցնենք, որ 2011թ-ի սկզբին Ադրբեջանը անսպասելի կերպով բարձրացրեց այդ երկիր ներկրվող գազի գինը` 1000խ/մ համար 120$-ից մինչև 290$, ինչից հետո թուրքական «BOTAS” ընկերությունը դադարեցրեց Ադրբեջանից գազի ներմուծումը: Երկարատեւ բանակցությունները այդպես էլ որեւէ արդյունքի չհանգեցրին, Ադրբեջանը հրաժարվեց նվազեցնել գազի գինը:

Իհարկե, Ադրբեջանի այս գործելաոճի մեջ նորություն չկա. հիշենք թեկուզ Բաքու-Ջեյհան հայտնի նախագիծը, որի բանակցային և ապա կառուցման շրջանում Բաքուն ամեն կերպ փորձում էր այն օգտագործել Հայաստանի դեմ, ապա հայտնվեց «NABUCCO» գազմուղը, որի շուրջ ընթացող բանակցություններում Բաքուն չեր դադարում հիշեցնել ղարաբաղյան հիմնախնդրի մասին ու այդպես շարունակաբար:

Նման քաղաքականությունը ոչ թե արդյունք է Բաքվի «ճկուն» էներգետիկ դիվանագիտության այլ հետեւանք ազգային ու պետական թերարժեքության, որով տառապում է Ադրբեջանը և որը նրան դեռ երկար կստիպի ամեն հարցում հայկական հետք ու թելադրանք գտնել` շարունակաբար իր իսկ անհաջողություները պայմանավորելով հայկական գործոնով:

Նախորդող նորությունը` Ադրբեջանը փոշմանել է….կամ ինչո՞ւ չստորագրվեցին Ադրբեջանից Ուկրաինա հեղուկ գազի առաքման փաստաթղթերը

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Կարեն Բախշիյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց