Ադրբեջանական քարոզչությունը ՀԱԿ-ի վերջին հանգրվա՞նն է

16:06 23/04/2012 » Վերլուծություններ

Ադրբեջանական քարոզչությունը ՀԱԿ-ի վերջին հանգրվա՞նն է

Ապրիլի 20-ի ՀԱԿ հանրահավաքից որևէ նոր բան չէի սպասում, սակայն այս անգամ որոշ անակնկալներ եղան:
Առաջինն, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանն էր. նա աչքի ընկավ ոչ միայն «հանցավոր ռեժիմի», կոռուպցիայի, օլիգարխիայի և այլ հանրահայտ խնդիրների մասին բազմիցս հնչեցրած մտքերով, այլ Ադրբեջանի հակահայկական քարոզչական որոշ գաղափարների կրկնությամբ:

Օրինակ. «Միայն Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 մլրդ է, Հայաստանի ռազմական բյուջեն` 300 մլն դոլար: Եվ այս մարդիկ, որոնք թալանել են իրենց երկիրը, պատրաստվում են նորից հաղթե՞լ Ադրբեջանին: Հանրապետական ճղճղան պատգամավորներ կան, որոնք գիշեր-ցերեկ հոխորտում են, թե` պետք եղավ մենք Բաքուն էլ կգրավենք: Ինչո՞վ եք գրավելու: Կամ, երբ որ Ղարաբաղը ազատագրվում էր, դուք ո՞ւր էիք»:

Սա ադրբեջանական ռազմական քարոզչության մեխն է, որն արդեն գրեթե 10 տարի է պնդում է, թե ռազմական բյուջեի աննախադեպ մեծացմամբ պիտի հաղթանակի հասնի Արցախի հարցում: Այս թեզն այն անկյունաքարերից մեկն է, որ վրա կառուցվում է Ադրբեջանի և´ ներքաղաքական, և´ արտաքին քաղաքական քարոզչական ամբողջ համակարգը։ Այս թեզով են ադրբեջանցիները փորձում ամրացնել իրենց բանակի մարտունակությունն ու բնակչության ոգին:

Ռազմական բյուջեի ավելացումը թմբկահարելու երկրորդ նպատակը հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելն է։ Մեզ փորձում են ապացուցել, որ Արցախի համար մղվող պայքարը դատապարտված է: Կարելի է ենթադրել, որ ի դեմս ՀԱԿ առաջնորդի ադրբեջանական քարոզիչները ոչ միայն կարողացել են հաջողությամբ մեկ թիրախ խոցել, այլև դարձրել են Տեր-Պետրոսյանին իրենց քարոզչության ռետրանսլյատոր, ինչը կարելի է համարել ադրբեջանական ագիտպրոպի բավականին լուրջ հաջողություն։

Իհարկե, սխալ է թերագնահատել Ադրբեջանի ռազմական բյուջեի գործոնը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ մարդկային կամ ռազմական ռեսուրսները միակ վճռորոշ գործոնները չեն ռազմի դաշտում: Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ ՀԱԿ ղեկավարի ելույթի այդ հատվածը հաջողությամբ կօգտագործվի ադրբեջանական քարոզիչների կողմից` որպես իրենց թեզերի ապացույց:

Իսկ եթե ընդունել, որ Տեր-Պետրոսյանը ադրբեջանական քարոզչության զոհ չէ, ապա հարց է ծագում, թե այսպիսի հայտարարություններ անելով նա քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ վստահ չլինելով, որ ընտրություններում ՀԱԿ-ը զգալի արդյունքների կհասնի, նա հնարավորինս սրում է ներքաղաքական իրավիճակը` իր հակառակորդներին առավելագույնս վնասելու նպատակով: Հակառակ դեպքում անհասկանալի է նման քարոզչությունը. չէ՞ որ իշխանության թեկուզ փոքր բաժին ունենալու հանգամանքում, Կոնգրեսը կբախվի իր իսկ ցանած գաղափարների ու ատելության բացասական հետևանքներին:

Հակահայկական քարոզչության տարրեր էր պարունակում նաև պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանի ելույթը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Հայաստանը կարող է լինել, ասենք՝ տնտասապես հզոր, սոցիալապես ապահով, կամ գոնե՝ դեմոկրատական, սոցիալիստական եւ վերջին հաշվով՝ ֆաշիստական, որ կա: Իսկ ֆաշիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ կանխարգելիչ հակահարված՝ երկրում ծայր առած հեղափոխություններին կամ ինչպես մեր պարագայում է՝ իշխանափոխության պահանջին…, ինչպես նաեւ պսևդոդեմոկրատական եւ շովինիստական կարգախոսներով շեղելու ճանապարհով: Եթե մեր հասարակությունը մոռացել է, կամ չգիտի Գեբելսի «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ ֆյուրեր» կարգախոսը, ապա Հայաստանում ամեն շենքի վրա փակցված է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» բովանդակությամբ պաստառ»: Հիշեցնենք, որ բացի Առուստամյանից հայերին «ֆաշիստ» անվանում են միայն Բաքվում:

Հասկանալի է, որ նախընտրական շրջանում սրվում է քաղաքական պայքարը. կուսակցություններն ու թեկնածուները դիմում են ամեն հնարավոր միջոցի՝ ժողովրդին սիրաշահելու, նրա վստահությունը ստանալու և իրենց հակառակորդներին թուլացնելու համար: Սակայն կա մի սահման, որից այն կողմ անցնելն անթույլատրելի է, որովհետև այդտեղ սկսվում և ավարտվում է պետության, երկրի ու ազգի շահը, որը շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքական շահ:
 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Միքայել Յալանուզյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց