«Արմավիան»` օդից կախ

14:40 30/03/2013 » Տնտեսություն

«Արմավիան»` օդից կախ

Չնայած «Արմավիան» երեկ հայտարարեց, որ չվերթների իրականացումը կդադարեցնի ապրիլի մեկից` երկուշաբթիից, բայց երեկ և այսօր Արմավիայի ոչ մի չվերթ չի իրականացվել: Երևանից դեպի Ռոստով, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դուբայ, Կրասնորդար և հակառակ ուղղությամբ չվերթները չեն իրականացվել: Ընկերության մամուլի խոսնակի բջջային հեռախոսն անհասանելի է, ՔԱԳՎ-ն խոստանում է մեկնաբանություններ տալ միայն ոչ աշխատանքային օրերից հետո:

«Արմավիա»-ի աշխատակիցները պնդում են, որ չվերթները չեն իրականացվում օդաչուների գործադուլի հետևանքով: Խոստացել էին փողը մարտի 29-ին կլինի, չեն տվել, «տղերքն էլ բարկացել, ասել են, դե գնացեք, դուք էլ թռեք»:

Բորդ ուղեկցորդներից մեկը Panorama.am-ին հայտնեց, որ ընկերությունն իրեն պարտք է 1.5-2 մլն դրամ, պարտքը սկսել է կուտակվել դեռ նախորդ տարվա նոյեմբերի կեսից, կան մարդիկ, ովքեր աշխատավարձ չեն ստացել նույնիսկ հոկտեմբերից:
Ընկերությունում նրան ու գործընկերներին վստահեցրել են, որ աշխատավարձը կտան, սակայն փորձը ցույց է տվել, որ այստեղ տրված խոստումները հազվադեպ են իրականություն դառնում:

«Ուշացումները հաճախակի էին լինում, 3-4 ամսով ուշացումները դարձել էին սովորություն: Ասել են, ոչ մեկ ձեզ չի քցի, կտանք: Չեմ մտածում, որ հեշտությամբ կստանանք, բայց էդ գումարը հաստատ իրենց չենք թողնի»,-ասաց մեր զրուցակից աշխատակիցը: Նա սուտ որակեց տեղեկությունները, թե ընկերությունը մարել է մինչև մարտի 1-ը տեխնիկական անձնակազմի անդամներին ունեցած պարտքերը:

«Կարող է վարորդի, հաշվապահի, ծաղիկ ջրողի աշխատավարձը տվել է, ինչ վերաբերում է տեխնիկական անձնակազմի անդամներին չի տվել»,-ասաց բորդ ուղեկցորդը: Նրա խոսքով, աշխատակիցները նախապես չեն էլ իմացել, որ ապրիլի մեկից դադարեցնելու են թռիչքները. «Մեզ միշտ ասում էին ամեն ինչ նորմալ է, լավ է լինելու»:

Ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան» ռուսական ընկերություններին մոտ 54,2 միլիոն ռուբլու ժամկետանց պարտք ունի: «Զվարթնոց» ընկերությանն էլ Արմավիան 5.5 մլն դոլարի պարտք ունի: Օդանավակայանից ասում են, որ կգործեն այնպես, ինչպես սահմանում է օրենքը:

Փաստաբանների պալատի անդամ Հրաչյա Աբրահամյանը Panorama.am-ին պարզաբանեց, որ հարցը կարգավորվում է «Սնանակության մասին» օրենքով և Քաղաքացիական օրենսգրքով: Սնանկ ճանաչելու հայցով կարող է դիմել թե Արմավիան, թե պարտատերը:
Փաստաբանական գործունեության ընթացքում Աբրահամյանը եկել է համոզման, որ այս առումով դատական համակարգը անարդյունավետ է գործում: «Ամիսներ, տարիներ է տևում երբեմն պրոցեսը: Երբեմն վճիռը պահանջողի օգտին լինելու դեպքում հնարավոր չի լինում հասնել արդյունքի: Երբ պետք է գումար բռնագանձվի հօգուտ պահանջողի, ընկերությունն ասում է գումար չունի, և հարցն այդքանով վերջանում է, այս դեպքում օրենքն անզոր է, բացառությամբ մի դեպքի, երբ միջոցները փոշիացրել է արհեստական ճանապարհով, ինչը ապացուցելը շատ դժվար է»:
«Սնանկության» մասին օրենքի համաձայն, պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ու սնանկության գործերը քննում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը:
Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է.
. Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները
բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.
երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.
երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.
չորրորդ հերթին մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարների պարտքը.
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ:
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.
վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:
2. Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց հարուցել ընդդեմ լուծարման հանձնաժողովի:
3. Լուծարման հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
4. Լուծարման հանձնաժողովի կողմից մերժված պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:

Նախորդող հրապարակում`
Վ.Բոստանջյան. «Արմավիայի» սնանկացումից քաղաքացիները կտուժեն

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց