Դիտորդի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող Արտաշատի քաղաքապետի որդին արդարացվել է
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է փետրվարի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Արտաշատի թիվ 17/05 ընտրատեղամասում դիտորդ Նարինե Իսմայիլիի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդուն` Սերգեյ Մուրադյանին:
Սերգեյ Մուրադյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովում որպես աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետ: Նրա նկատմամբ, հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ընտրությունների ժամանակ բռնություն է գործադրել դիտորդ Նարինե Իսմայիլիի նկատմամբ:
Ըստ դատախազության հաստատած մեղադրանքի, նախագահական ընտրությունների ընթացքում` ժամը 14:30-ի սահմաններում, Սերգեյ Մուրադյանը այլ անձի փոխարեն քվեարկելու գործով ինքնությունը չպարզված անձին օժանդակելու նպատակով մի խումբ երիտասարդ տղաների հետ ներս է մտել ընտրությունների կապակցությամբ Արտաշատ քաղաքում կազմավորված 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրելով ընտրությանը մասնակցող դիտորդ Նարինե Իսմայիլիի նկատմամբ` բռնել է վերջինիս ձեռքերը, հետ հրել, հպել պատին ու այդ կերպ նրան զրկել է շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից, որպիսի գործողություններով խոչընդոտել է նրա դիտորդական լիազորությունների կատարմանը:
Բացի այդ, ըստ նույն մեղադրանքի, Սերգեյ Գագիկի Մուրադյանը խոչընդոտելով Նարինե Իսմայիլիի որպես դիտորդի լիազորությունների կատարմանը և այդ կերպ վերացնելով վերջինիս միջամտելու հնարավորությունը, օժանդակել է ինքնությունը չպարզված անձին ով օգտվելով Սերգեյ Մուրադյանի գործողությունների հետևանքով առաջացած խառնաշփոթ իրավիճակից, քվեաթերթիկներ է լցրել քվեատուփ այդ եղանակով քվեարկել այլ անձի փոխարեն:
Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստերում Սերգեյ Մուրադյանը առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ նախաքննական ցուցմունքներում հայտարարել է, որ Նարինեի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել ու չի խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը:
Ինչ վերաբերում է տուժող Նարինե Իսմայիլիին, ապա նա նախագահական ընտրություններում դիտորդ է եղել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից, իսկ դատաքննությանը չի մասնակցել Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով: Նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում էլ նշել է, որ ընտրատեղամասում ընտրության օրը շուրջ 30 երիտասարդներ շրջապատել են քվեատուփը, և երբ ինքը մոտեցել է նրանց` հասկանալու` ինչ է կատարվում, Սերգեյ Մուրադյանը բռնել է իր ձեռքերն ու պահանջելով լռել, իրեն հրել և հպել է պատին, դրանով իսկ Սերգեյ Մուրադյանը իրեն զրկել է շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից, այսինքն իրեն խոչընդոտել է իրականացնելու դիտորդի իր լիազորությունների կատարմանը:
Մի քանի ամիս տևած դատական նիստերում վկաներին լսելուց, այնուհետև քրեական գործի նյութերը ուսումնասիրելուց հետո մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը հայտարարել է Սերգեյ Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Մուրադյանի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Լիանա Բալյանն ասաց, որ դեռևս նախաքննության ընթացքում, երբ գործը քննվում էր Հատուկ քննչական ծառայությունում, ինքը միջնորդություն է ներկայացրել գործը կարճելու համար, քանի որ բավարար ապացույցներ չկային իր պաշտպանյալի դեմ: Սակայն միջնորդությունը ՀՔԾ-ում մերժվել էր:
«Բավարար ապացույցներ չկային, ոչ մի վկա չկար, որ ապացուցեր, որ Սերգեյ Մուրադյանը նման հանցանք է գործել: Իսկ գործի հիմքում այդ միջադեպի մասին որպես ապացույց միայն տուժողի հարցաքննությունն է եղել», -փոխանցեց Լիանա Բալյանը: Նրա պնդմամբ, Հատուկ քննչական ծառայությունը գործը թերի է քննել, և արդյունքում էլ այն հասել է դատարան, հետո էլ դատախազությունը տեսնելով, որ դատարանում չի հիմնավորվում հանցանքը, որոշել է Սերգեյ Մուրադյանի նկատմամն քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հայտարարել:
Ի դեպ, պաշտպանական կողմը որևէ առարկություն չի ներկայացրել մեղադրող դատախազի հայտարարության դեմ: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, որ արդարացման վճիռ է կայացվել և դրան ծանոթանալուց հետո միայն կարող է մեկնաբանություն տալ:
Ինչևէ, դատախազի այդ հայտարարությունից հետո Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը հայաստանյան օրենսդրության համաձայն, կայացնում է արդարացման դատավճիռ: Լիանա Բալյանն ասաց, որ դատավճիռը չի բողոքարկվել դատական մյուս ատյաններ և արդեն օրինական ուժի մեջ է մտել: