«Ավազակություն է». Կառավարության քայլը բարկացրել է փաստաբաններին, իսկ նախարարն արձագանքում է
Փաստաբանների գործունեությանը վերաբերող կառավարության նախաձեռնությունը բարկացրել է Փաստաբանների պալատի անդամներին, և նրանք այսօր տեղի ունեցած կլոր-սեղան քննարկման ժամանակ արտահայտեցին իրենց մտահոգությունները:
Նկատենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր են դրվել քննարկման, որոնցով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախագծերով նախատեսվում է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով: Պարզ դառնալու համար նշենք, որ ներկայումս փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը և այն էլ անվճար:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացնելով կառավարության նախաձեռնությունը, ասաց, որ այդպիսով փորձ է արվում ՓՊ անդամներից գումարը գանձել և այն ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորմանը: Իսկ դրան զուգահեռ կրճատել Հանրային պաշտպանի գրասենյակի հաստիքացուցակը: Նկատենք, որ Հանրային պաշտպանի գրասենյակի անդամները աշխատում են պետպատվերի շրջանակներում և դատարաններում պաշտպանում են հիմնականում սոցիալապես անապահով մարդկանց շահերը:
«Դա ավազակություն է, կողոպուտ», -կառավարության այդ քայլը բնորոշեց Փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը: Նա պատմեց, որ երբ ինքը Պալատի նախագահն էր, Արա Զոհրաբյանի հետ միասին արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի մոտ մասնակցել են քննարկմանը:
«Արամ Օրբելյանն ասաց, որ այսպիսի միտք կա` կառավարության ղեկավարը հանձնարարել է, որ մենք գտնենք հնարավորություն, միջոց, տարբերակ, որպեսզի այն 18 հաստիքը, որը կառավարությունը ավելացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթներն իրականացնելու համար միայն քրեական գործերով, պահելու համար: Այնտեղ մենք ասացինք, որ դա հանարվոր չէ. Փաստաբանությունը դա չի ընդունի, մանավանդ որ կա Սահմանադրության 20-րդ հոդված: Բայց պարոն Օրբելյանն ասաց, որ մենք կգտնենք մի տարբերակ ասելու, որ Սահմանադրության 20-րդ հոդվածում չի գրված, որ անվճար իրավաբանական օգնությունը պետք է դրվի պետության վրա: Այսինքն` նա փորձում էր մի ճանապարհ գտնել` անհրաժեշտ է ամեն գնով կատարել կառավարության ղեկավարի հանձնարարականը», -հայտարարեց Սահակյանը` նկատելով, որ կառավարության այս քայլի վերաբերյալ իր բնորոշումը դեռ մեղմ է: Նրա խոսքով, այս նախաձեռնությամբ երբ կրճատվում է Հանրային պաշտպանների հաստիքացուցակը և ավելանում են նրանց վարույթում քրեական գործերը, որակ ակնկալելն անհնար է:
Արա Զոհրաբյանը համոզված է` Պալատում չի գտնվի որևէ փաստաբան, որը կողմ կլինի կառավարության առաջարկին, քանզի դրանով վտանգի տակ է դրվում փաստաբանների անկախությունը:
«Փաստաբանների ճնշող մեծամասնությունը, նրանք, ովքեր հարգում են իրենց մասնագիտությունը, չեն վճարի այդ գումարը: Իսկ չվճարելու դեպքում նրանք չեն ունենա արտոնագիր: Արդյունքում շատ լուրջ խնդիր է ունենալու պետությունը», իր հերթին կառավարության նախաձեռնությունից իր դժգոհությունը արտահայտեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը` նկատելով, որ փաստաբանների արտոնագրի վարումը վտանգում է իրենց անկախությունը և իրենց կախման մեջ դնում պետությունից:
Ելույթ ունեցած բոլոր փաստաբանները դեմ էին արտահայտվում արդարադատության նախարարության կողմից փաստաբանների գրանցամատյանը վարելու մասին նախաձեռնությանը: Ավելին, փաստաբանների դժգոհությունը սկսվել էր դեռ մի քանի օր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ փաստաբաններից մեկը` Սերգեյ Մինասյանը նկատել էր. «Այս կառավարությունը հիմա էլ որոշել է կարմիր գծեր քաշել փաստաբանների վրա: ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈւ»: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ լուսանկար էր տեղադրել, որտեղ նշվում էր հետևյալը. «Դեմ եմ փաստաբանների կադաստր ստեղծելուն»:
Կլոր-սեղան քննարկմանը Արդարադատության նախարարությունից ներկայացուցիչներ չկային, թեպետ հրավիրվել էին. նրանց հատկացված «մեղադրյալի աթոռը», ինչպես կատակեց Արա Զոհրաբյանը, այդպես էլ ողջ քննարկման ընթացքում թափուր մնաց:
Փոխարենը հարցին կառավարության նիստից հետո անդրադարձավ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նախ ցավ հայտնեց, որ տեղեկատվությունը խեղաթյուրվում է, ապա շարունակեց. «Դժգոհությունը այն բանի հետ է կապված, որ նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր փաստաբան յուրաքանչյուր ամիս լրացուցիչ 5000 դրամ պետք է վճարի, կարծեք թե տեղին է, որովհետև դուք աշխարհում որևէ երկիր չեք գտնի, որտեղ ինչ-որ մեկից ավելի շատ փող ուզեն և ինքը չդժգոհի: Այս առումով նրանց դժգոհությունը ինձ համար հասկանալի է: Բայց մենք ասում ենք, որ այդ գումարները ուղղվում են իրավաբանական օգնություն ցուցաբերելուն: Այն, որ դրանով փորձում են բյուջե լցնել, այո, ամբողջ աշխարհում էլ հարկերի միջոցով փորձում են բյուջե լցնել: Այստեղ որևէ բան չեմ տեսնում»:
Շարունակելով իր տեսակետը, նախարար Թովմասյանն ասաց, որ այս նախագծով որևէ մարմին Փաստաբանների պալատից չի վերցնում փաստաբաններին արտոնագիր տալու լիազորությունները: «Արդարադատության նախարարությունը չի մտնելու այդ ոլորտ, քանի որ այս անկախությունը ես համարում եմ կայացած ձեռքբերումներից մեկը», -նկատեց նախարարը` մատնանշելով Պալատին մատուցած կառավարության նվերը` քաղաքի կենտրոնում եվրոպական չափանիշներին համապատասխանող տարածք:
Փաստաբանական համայնքը, սակայն, անդրդվելի է, և ինչպես այսօր հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, եթե այս նախաձեռնությունն ընդունվի իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի` ընդհուպ մինչև գործադուլ:
Հարակից հրապարակում.
Փաստաբանների պալատը դժգոհ է ԱՆ-ի «ապակառուցողական նախաձեռնությունից». Զոհրաբյանի նամակը` Թովմասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ