«Հայաստանում այսօր գրում են նրանք, ովքեր իսկապես գրող են». Հուսիկ Արա
«Հայաստանում վերջին 20-25 տարվա ընթացքում գրողն իր խղճի հետ մենակ է, ազատ է, գրաքննություն չկա, գրում է այն, ինչ ցանկանում է: Հայաստանում այսօր գրում են նրանք, ովքեր իսկապես գրող են, որովհետև այսօր գրողը փող, փառք, հաջողություն չի ակնկալում, ինչպես Խորհրդային շրջանում էր»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, Հայաստանի Գրողների միության անդամ Հուսիկ Արան:
Նա նշեց, որ այսօր գրաքննություն չկա, որովհետև գրականությունը դարձել է աներևույթ մի բան. «Ոչ կարդում են, ոչ մեկին չի հետաքրքրում, հասարակական-քաղաքական կյանքում որևէ դերակատարում չունի: Այս պատճառով էլ չկա գրաքննություն: Եթե համընդհանուր ընթերցանության արժանանար, ինչպես, օրինակ, լրատվամիջոցները, գրաքննություն կլիներ: Ինչո՞ւ քննեն, եթե իրենից արժեք չի ներկայացնում»:
Հուսիկ Արայի խոսքով, այսօր Հայաստանում կան տարբեր հոսանքներ, ուղղություններ, գրականությունը բազմաժանր է:
«Տարբեր, բազմազան, առողջ մթնոլորտում գրում ենք: Այս առումով եվրոպական երկրներին չենք զիջում, նույնիսկ գերազանցում ենք: Դրսում այնքան պրոբլեմ չկա, ինչքան այստեղ: Իսկ գրականության համար խնդիրը շատ կարևոր է, թե ինչ ես վեր հանում: Դրսում գրում են կանաչների, համասեռամոլների մասին: Իսկ մեզ մոտ գրելու համար լիքը թեմաներ կան: Շփվել եմ ամերիկացիների հետ, ովքեր Հայաստան էին եկել, ասում էին այստեղ լիքը գրելու թեմա կա: Այսինքն, թեմատիկ առումով մեր միջավայրը հարուստ է: Մի քանի տարի առաջ Իրանից երիտասարդ գրողներ էին եկել Հայաստան: Նրանք նախանձով էին մեզ նայում: Ասում էին, որ չեն կարողանում իրենց երկրում գրել, օրինակ՝ «սիրած աղջկա մերկ թև», անմիջապես ճնշումների են ենթարկվում»,- ասաց նա:
Գրողի համոզմամբ, ազատ գրելու դեպքում գրականությունն ավելի լավն է դառնում, իսկ այսօր գրում են այն, ինչ զգում են:
«Այդ ազատությունը մեզ մոտ կա: Նման պայմաններում գրականությունը կարող է ավելի լավը լինել, ծաղկել: Միանշանակ, ազատությունը բերում է որակ: Այսօր Հայաստանում լավ գրականություն ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան: Վստահաբար կարող եմ ասել, որ ստեղծվում է լավ գրականություն, անկախ նրանից, որ գրողը դրա համար չի վճարվում, թշվառ է ապրում: Այսօր, ցավոք, գրականությունը հասցեատեր չունի: Գրականությունը տեղ չի հասնում: Պատճառները հասկանելի են. արտագաղթող երկրում, երբ ճամպրուկները մարդիկ հավաքում են, մտածում են միայն օրվա խնդիրների մասին, այլևս չեն կարող գրականությամբ, թատրոնով, առհասարակ արվեստով, մշակույթով հետաքրքրվել: Հենց սոցիալական վիճակը լավանա, այդ ամենն իր տեղը կընկնի»,- ասաց Հուսիկ Արան:
Միաժամանակ արվեստագետը հավելեց, որ միայն սոցիալական խնդիրները չեն պատճառը, որ մարդը հեռացրել են գրքից. «Իհարկե, տպագրվում է նաև աղբ: Պետք է մղել, որ ընթերցողն իմանա՝ ինչ կարդա: Մեկ-երկու զիբիլ է կարդում, հիասթափվում է: Դաշտում անարխիա է, թացը չորից չի տարբերվում»:
Այս առումով, ըստ Հուսիկ Արայի, մեծ դերակատարում կարող է ունենալ Գրողների միությունը, Գրականության ինստիտուտը, որը լռած օրգանիզմ է, մշակույթի նախարարությունը:
«Մի շղթա է, որի բոլոր օղակները նեխած են»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետք է ակտիվ լինել, մշակութային հստակ ռազմավարություն, քաղաքականություն ունենալ, մինչդեռ որևէ մեկը որևէ բան չի անում:
Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: