Օրենսգիրքը հողին հանձնեցին
ՀՀ Վարչական դատարանի առջեւ այսօր հանդիսավորությամբ, սգո երաժշտության ներքո մի խումբ բնապահպաններ հողին հանձնեցին ՀՀ «Վարչական օրենսգիրքը»: Տապանաքարին գրեցին` «2007-2010թթ., ՀՀ արդար դատարանի հիշատակին»:
Դատարանում այսօր պետք է քննվեր «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Կառավարության Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաեւ` 3-րդ կողմ հանդես եկող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի (ACP): Ներկայացված հայցով բողոքարկվում էր ACP ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հաստատումը:
Դատավոր Արծրունի Միրզոյանը դատավարության հենց սկզբից որոշեց գործի քննությունը չշարունակել, քանի որ բացակայում էր ՀՀ Կառավարության ներկայացուցիչը:
Սա այն դեպքում, երբ ներկա էին դատավարության մյուս կողմերը, այդ թվում` ՀՀ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները:Բացի այդ` դատավորը որոշեց ավարտել վարչական գործի քննությունը եւ կիրառել արագացված դատաքննության կանոններ` նշանակելով դատական ակտի հրապարակման օրը` մարտի 24-ին, ժամը 15:10:
Դատավորի նման որոշումը դժգոհությունների առիթ տվեց: «Էկոդար» ՀԿ-ի փաստաբան Հայկ Ալումյանը նույնիսկ չկարողացավ մեկնաբանել այն` նշելով. «Ես անբացատրելի բաները չեմ կարող մեկնաբանել»:
Բնապահպան Կարինե Դանիելյանին էլ զարմացրել էր դատարանի որոշումը:
«Այսօր ես հույս ունեի, որ շատ լուրջ դատավարության ականատեսը կլինեմ, սակայն դրա փոխարեն եղավ զարմանալի մի երեւույթ. պարզվում է` ՀՀ Կառավարությանը չեն ներկայացնում դատարանում ներկա նախարարությունները»,- ասաց նա` ավելացնելով, որ առ այսօր մենք չունենք դատական որեւէ որոշում հօգուտ բնապահպանության` չնայած Օրհուսի կոնվենցիա ենք վավերացրել, օրենքներ ունենք:
Դատավարության ընթացքում, բակում բնապահպանները կազմակերպել էին նաեւ բողոքի ակցիա` «Չագուչդ կոտրվի, անարդար դատավոր» եւ այլ ցուցապաստառներով, բնապահպանական նկարներով, հակագազերով ու համապատասխան հանդերձանքով:
Ակցիայի մասնակիցներից ոմանք էլ ի նշան արդարադատության` ծոմ էին պահել. այսօր նրանք միայն ջուր են խմելու: Նրանցից մեկն էլ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն էր: Նա գունավոր գլխաշորով ծածկել էր աչքերը` մի ձեռքին ունենալով թղթե սուր, մյուսին` ԱՄՆ դոլարներով պատրաստված թղթե ծառ: Նրա մեկնաբանությամբ` ինքը խորհրդանշում է արդարությունը եւ պայքարը հանուն առողջության եւ բնապահպանության:
Դատավարությանը ներկա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ողջունելով երիտասարդների այս ակցիան, նշեց. «Լավ է, երբ յուրաքանչյուր տնտեսվարող փորձում է գործել օրենքի շրջանակներում, սակայն չպետք է այն վերածեն մեր Հայաստանից, մեր բնությունից փող դիզելու էժան միջոցի»:
Նարինե Իրիցյան
www.a1plus.am, 23 մարտի, 2010
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները