19:18 24/01/2008 » Մշակույթ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԱԾ Է

SMS հաղորդագրություններ, Ս. Սարգսի տոնական տեսահոլովակներ, գունազարդ բացիկներ, բազմաթիվ տոնական երիտասարդական միջոցառումներ, երեկույթներ, տոնական նվերներ, առավոտից մինչ ուշ գիշեր լեփ-լեցուն եկեղեցիներ, եկեղեցիներում և ձյան մեջ վառվող տասնյակ հազարավոր մոմեր…

Երիտասարդների և սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում միշտ եղել է: Սակայն երիտասարդության շրջանում տոնը լայն ճանաչում գտավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մամլո դիվանի քարոզչական և կազմակերպչական աշխատանքի շնորհիվ:

«Տարիներ առաջ երիտասարդները հիմնականում հետաքրքրվում էին աղի բլիթ ճաշակելու հարցով, իսկ այս տարի նախապես զանգահարում և հետաքրքվում էին, թե երբ և ինչպես պետք է նշել Ս. Սարգսի տոնը, երբ պետք է գալ եկեղեցի և օրհնություն ստանալ: Հարկ է նկատել, որ Ս. Սարգսի բարեխոսությանը դիմում են բոլոր մարդիկ` անկախ տարիքից»,- հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը:

Հայտարարված մրցույթին, որի տեղեկատվական հովանավորն էր Panorama.am-ը, Արարատյան թեմը հազարավոր նամակներ ստացավ և այս տարի որոշեց ընդլայնել մրցույթի ընդգրկման շրջանակները և մրցանակային ֆոնդը` 1.625000 դրամ: Հայտարարվել էր սիրո պատմության, նկարչության և ֆոտոռեպորտաժի մրցույթներ:

Ֆոտոռեպորտաժի միակ հաղթող ճանաչվեց Սամվել Սևադա-Գրիգորյանը: Լուսանկարիչներ Հայկ Գալստյանը և Մարիաննա Վարդանյանը մրցանակային հանձնաժողովի կողմից արժանանացան խրախուսական մրցանակների` յուրահատուկ աշխատանքներ ներկայացնելու համար, որոնք սակայն ֆոտոռեպորտաժներ չէին: Նկարչության մրցույթում խրախուսական մրցանակի արժանացան նկարչուհի Նունե Խաչատրյանը` ծաղկի տերևներով ազգային «Շատախ» ստեղծագործության, Վահե Պողոսյանը՝ «Զույգերը» գեղանկարի համար: «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնի գեղանկարչական խմբակի սաները, հանձնաժողովի բնորոշմամբ անկեղծ և ինքնատիպ 14 աշխատանք ներկայացնելու համար, ստացան իրենց ցանկալի մրցանակը` գումար` սրբավայրերից մեկում ուխտագնացություն կազմակերպելու համար: Մրցույթի ևս 10 մասնակիցներ արժանացան խրախուսական մրցանակների և տոնը խորհրդանշող հուշանվերների:

Սիրո պատմությունների 3 անվանակարգերում 24 աշխատանք արժանացան խրախուսական մրցանակների: Երեք մասնակից` Վարդուհի Արզումանյանը, Լիանա Դանիելյանը և Սյուզաննա Ղազարյանը ստացան դրամական պարգևներ և տոնը խորհրդանշող հուշանվերներ:

Ինչպես նշում են մամուլի դիվանից, ավանդական է դարձել Ս. Սարգսի տոնին համերգներ կազմակերպելը: Էստրադային երգիչները սիրո մասին իրենց կատարումներով և խոսքով կարևորեցին ազգային, եկեղեցական տոները: Այս տարի համերգին ներկա էր Վեհափառ Հայրապետը: Արդեն երկրորդ տարին է՝ Ս. Սարգսի տոնական համերգին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, բարձաստիճան այլ հյուրեր: Ի դեպ, մամուլի ծառայությունից նշում են, որ այդ օրը Սարգիսների և Սարգսյան գերդաստանների անվանակոչության օրն է:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց