13:54 01/02/2010 » Քաղաքական

Թուրքիայի վարչապետ. Ճանապարհային քարտեզը Հայաստանի հետ շարունակվելու է

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել «Euronews»-ին, որն արդեն հեռարձակվում է նաև թուրքերեն լեզվով: Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` Էրդողանը խոսել է իսրայելաթուրքական հարաբերությունների, քրդական հարցի, եվրաանդամակցության բանակցությունների և հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին:


Թուրքիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իսրայելը առաջիկայում առիթ կունենա մտածելու Թուրքիայի պես բարեկամ կորցնելու մասին:


«Իսրայելի վարչապետ պրն Նեթանյահուն ասում է` ես Էրդողանին չեմ վստահում: Այս պահին Իսրայելը և Թուրքիան շատ լուրջ պայմանագրեր ունեն: Բայց մի°թե նման անվստահության մթնոլորտում հնարավոր կլինի դրանց կենսագործումը: Առհասարակ եթե Իսրայելը, որպես աշխարհի պետություններից մեկը, ինքն իրեն նայի, ապա կտեսնի, որ անհրաժեշտ է վերանայել հարեևանների հետ ունեցած իր հարաբերությունները»,- ասել է Թուրքիայի վարչապետը:


Քրդական հարցի առնչությամբ Էրդողանն ընդգծել է, որ սխալ կլինի դեմոկրատական այդ նախաձեռնության իմաստը նեղացնել և սահմանափակել միայն քրդերի հանգամանքով: Նրա մատնանշմամբ` շուրջ մեկ տարի ծավալվող գործընթացը ոչ թե միայն քրդերի խնդիրների լուծմանն է միտված, այլ իրենից ներկայացնում է ազգային միասնության, եղբայրության մի նախագիծ:

Քանի որ միայն քրդերի խնդիրներին ուշադրություն դարձնելը, Էրդողանի համոզմամբ, անհարգալից վերաբերմունք կլինի Թուրքիայում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների հանդեպ: Իսկ եվրաանդամկցության վերաբերյալ նա ասել է, որ Անկարան շարունակելու համբերատար կերպով հանդուրժել ԵՄ մի շարք առաջնորդների դիմադրությունը և պայքարել եվրոպական այդ հեղինակավոր կառույցին մաս կազմելու համար: Թեև Էրդողանը շեշտել է, որ այդ համբերությունն էլ սահման ունի:


Թուրքիայի կառավարության ղեկավարը կրկին հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը լրջորեն անհանգստացրել է Անկարային: Այն հարցին, թե ՍԴ-ի այդ որոշումից հետո ինչպիսին է լինելու Թուրքայի ճանապարհային քարտեզն արձանագրությունների առնչությամբ, Էրդողանը պատասխանել է. «Մենք պայմանագրում նշված մեր խոստումները կատարել ենք, կատարում ենք: Այնտեղ փոխադարձ ժամանակացույց, ճանապարհային քարտեզ կա: Այդ ճանապարհային քարտեզը շարունակելու ենք: Մենք դրան միշտ պատրաստ ենք և անկեղծ ենք: Մեր ճանապարհը նույն կերպ շարունակելու ենք»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց