20:15 11/03/2010 » Քաղաքական

ՀՀ Նախագահի հարզազրույցը «Ֆիգարո»-ին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ֆիգարո»-ին: Այդ մասին հայտնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը: Ներկայացնում ենք հարցազրուցն ամբողջությամբ:

ՀԱՐՑ - Ինչու՞ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ - Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երևան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, իմ նպատակն էր մեր երկրների միջև հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: 2009 թ. հոկտեմբերին, արձանագրությունների ստորագրման ժամանակ, պայմանավորվածություն կար, որ վերջիններս պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանների: Մենք ասել ենք, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները Թուրքիայի կողմից դրանք վավերացնելուն պես: Մինչդեռ, Թուրքիան չի դադարում նախապայմաններ առաջադրել դրանց վավերացման համար, որոնցից հիմնականը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:

ՀԱՐՑ - Ի՞նչ կարող է անել Հայաստանը` օգնելու համար Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ - Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ: Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը և Ղարաբաղը շահագրգռված չեն խնդրի կարգավորմամբ, բայց դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք: Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու և հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար: Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները:

ՀԱՐՑ - Դուք պատերազմից վախենու՞մ եք:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ - Պատերազմը երբեք ցանկալի չէ և պատերազմներից պետք է միշտ էլ վախենալ: Միևնույն ժամանակ` մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց մեր դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա:

ՀԱՐՑ - Ինչպե՞ս դուրս գալ Թուրքիայի հետ ստեղծված փակուղուց:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ - Խնդիրը պետք է լուծվի թուրքերի կողմից: 21-րդ դարում անընդունելի է, որ սահմանը փակ լինի և խոսվի նախապայմանների լեզվով: Ասում ենք` եկեք նախ հաստատենք հարաբերություններ, այնուհետև խոսենք բոլոր հարցերի մասին: Մեր երկու երկրներն էլ ցանկանում են խորացնել իրենց հարաբերությունները Եվրոպայի հետ և նրա հետ կիսել արժեքային ընդհանրությունը, ինչը բացառում է միմյանց նկատմամբ որևէ թշնամական գործողություն: և միջազգային հանրությունը, կարծում եմ, պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի այս հարցի կապակցությամբ:

ՀԱՐՑ - Կասկածու՞մ եք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությանը:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
- Շատերն են կասկածում: և ոչ միայն Հայաստանում: Հարաբերությունների կարգավորմանն ուղղված իմ նախաձեռնությունը շատ մտահոգություններ առաջացրեց հայերի մոտ ողջ աշխարհում: Կարգավորման գործընթացի ձգձգման հետևանքով արձանագրությունների կողմնակիցների թիվը գնալով ավելի ու ավելի է նվազում:

ՀԱՐՑ - Դուք դեռևս հավատու՞մ եք կարգավորման հնարավորությանը:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ - Բնականոն հարաբերություններ հաստատելու իմ ցանկությունը մեծ է: Սակայն, Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու: Մենք զգուշացրել էինք, որ եթե համոզվենք, որ թուրքերը կարգավորման գործընթացն օգտագործում են այլ նպատակների համար, կձեռնարկենք համապատասխան քայլեր: Այդ դեպքում մենք արձանագրություններից հետ կկանչենք մեր ստորագրությունը:

ՀԱՐՑ - Ամերիկյան վարչակազմը հայտարարեց, որ Ներկայացուցիչների պալատում կարգելափակի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Ի՞նչ եք կարծում այդ մասին:

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ - Անշուշտ, մեր ամենաանկեղծ ցանկությունն է, որ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաև Թուրքիան և աշխարհի բոլոր երկրները ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Բայց ԱՄՆ-ի Կոնգրեսը և Պետդեպարտամենտն իրենց որոշումները հազիվ թե կայացնում են` հիմնվելով մեր կարծիքի կամ ցանկությունների վրա:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց