Կլոդ Հանցման. Ցեղասպանությունների հետևանքը ժամանակի ընթացքում ավելի մեծ է դառնում

17:33 01/02/2012 » Քաղաքական

Կլոդ Հանցման. Ցեղասպանությունների հետևանքը ժամանակի ընթացքում ավելի մեծ է դառնում

«Աղետ», իսկ օրիգինալում` «Շոա» («Shoah») փաստագրական ֆիլմի ռեժիսոր Կլոդ Լանցմանն օրերս ռուսական «Գազետա.Ռու» կայքի մեկնաբան Նատալյա Գևորգյանին տված հարցազրույցում խոսել է Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության մասին ու նշել` «գործ ունենք այնպիսի մասշտաբի իրադարձությունների հետ, որոնք ժամանակի ընթացքում ավելի էական են դառնում»:

Նատալյա Գևորգյանին տված հարցազրույցը նշանակալից է այն առումով, որ 1985 թվականին նկարահանված ֆիլմը փետրվարի 5-ին 27 տարվա ընթացքում առաջին անգամ զուգահեռաբար ցուցադրվելու է Ռուսաստանում և Թուրքիայում: Ռեժիսորը պատմել է, որ իր ֆիլմը ռուսերեն թարգմանվել է դեռևս Միխաիլ Գորբաչևի հրահանգով, սակայն հեռուստատեսությամբ երբեք չի հեռարձակվել:

Նշենք, որ «Շոա»-ն տաս ժամ տևողությամբ հիմնարար գործ է Հոլոքոստի վերաբերյալ, որտեղ ներկայացվում են այդ իրադարձության ականատեսների հարցազրույցներ ու վկայություններ, այդ ծանր հանցանքն ապացուցող բազմաթիվ մանրամասներ մահվան ճամբարներից: Հեղինակը ֆիլմի նկարահանման վրա աշխատել է 12 տարի` սկսած 1973 թվականից: Մասնագետներն այն համարում են կինեմատոգրաֆիայի գլուխգործոց: «Իմ ֆիլմը չի ծերանում»,- սա էլ հեղինակի կարծիքն է իր գործի մասին:

Հարցազրույցում շոշափվել է նաև Հայոց ցեղասպանության թեման և մեծն ռեժիսորի մոտեցումն ընթերցողին փոխանցելու համար ընդամենը թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը.

«Նատալյա Գևորգյան. Կարող եք պատասխանել հարցին, ինչո՞ւ դա տեղի ունեցավ:

Կլոդ Լանցմանն. Ոչ, ես այդ հարցին չեմ պատասխանում:

Նատալյա Գևորգյան. Որովհետև` չե՞ք կարող, թե՞ դա կարևոր չէ:

Կլոդ Լանցմանն. Ես այդ մաիսն շատ տեքստեր եմ գրել: Մտածեք, գուցե արժե հարցն ավելի ճիշտ տալ` ինչո՞ւ հրեաները սպանվեցին: Այդ հարցը միանգամից իր իսկ անպարկեշտությունն է ցույց տալիս: Որովհետև կարելի է մոգոնել ցանկացած պատճառ ցանկացած ոլորտից` տնտեսագիտություն, հոգեվերլուծություն, կարելի է փնտրել ու տարբերություններ գտնել հրեական ու գերմանական ուղեղների միջև… Բայց ինչպե՞ս կարելի է արդարացնել մեկ ու կես միլիոն հրեա երեխաների սպանությունը: Այս դեպքում «ինչու»-ներ չկան:

Նատալյա Գևորգյան. Ես ինքս հայ եմ, ու նման հարցեր ինքս ինձ տալիս եմ իմ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ…

Կլոդ Լանցմանն. Թուրքերը նայելու են «Շոա»-ն: Եվ հնարավոր է, որ դրանից հետո նրանք խոստովանեն, թե ինչ են արել 1915 թվականին…

Նատալյա Գևորգյան. Չեմ կարծում…

Կլոդ Լանցմանն. Դե կտեսնեք:

Նատալյա Գևորգյան. Ֆիլմն արդեն 25 տարեկան է, մինչդեռ երբ ես նայում էի, տպավորությունն այնպիսին չէր, որ քառորդ դար է անցել: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել դա:

Կլոդ Լանցմանն. Իմ ֆիլմերը չեն ծերանում, նրանք չեն կնճռոտվում:

Նատալյա Գևորգյան. Այդ դեպքում ինչ է կատարվում աշխարհի հետ, մեզ հետ, որ այս ֆիլմի հրատապությունը պահպանվում է:

Կլոդ Լանցմանն. Խոսքն այնպիսի մասշտաբների իրադարձությունների մասին է, որ ժամանակի ընթացքում դրանք միայն ավելի էական են դառնում»:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց