«Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի». Օսկանյանի արձագանքը Ասադի հայտարարությանը

11:53 27/06/2012 » Քաղաքական

«Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի». Օսկանյանի արձագանքը Ասադի հայտարարությանը

ԱԳ նախկին նախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սիրայի նախագահի հայտարարությանը, թե երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, մատնանշել Հայաստանի` որպես Սիրիայում սփյուռք ունեցող երկրի անելիքները:

«Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն ընդունեց, որ երկիրը պատերազմական վիճակում է: Խոսքը բնականաբար քաղաքացիական պատերազմի մասին է: Հաշվի առնելով Սիրիայի էթնիկ և կրոնադավանական կառուցվածքը, ինչպես նաև ուժերի դասավորությունը այս պահին, շատ լուրջ վտանգ կա, որ այնտեղ իրոք լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվի:
Սիրիայում այսօր մոտ 60 հազար հայ է ապրում, որից 45 հազարը՝ Հալեպում:

Հալեպի հայ համայնքը «մայր համայնք» է կոչվում, որովհետև Ցեղասպանությունից հետո կազմավորված առաջին համայնքն է եղել, որտեղից հետագայում ճյուղավորվել են տարբեր այլ համայնքներ Մերձավոր Արևելքում և այլուր: Առաջին օրվանից համայնքը ոչ միայն գոյատևել է, այլև բարգավաճել և դարձել Սփյուռքի ամենակենսունակ և հյուրընկալ հայկական կենտրոններից մեկը: Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սիրիահայերը, հատկապես՝ Հալեպի համայնքը, միշտ եղել են առաջատար դիրքերում: Այսօր սիրիահայ համայնքի գոյությունը լուրջ վտանգի տակ է: Անկանխատեսելի է, թե ինչ զարգացումներ կլինեն:
Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ հատկապես Հայաստանի անկախությունից հետո հայաստանցի պաշտոնյաների, մտավորականների, գեղարվեստական խմբերի և առևտրականների այցելության ամենասիրված, հաճելի և շահավետ վայրերից մեկն է եղել Հալեպը:

Լինելով հալեպցի՝ ես բնականաբար կապի մեջ եմ այնտեղի ընկերներիս և հարազատներիս հետ: Երեկ մի զրույցի ընթացքում իմացա, որ վերջին առնվազն ութ ամիսների ընթացքում Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելել Հալեպ կամ Սիրիա: Մի խոսքով՝ համայնքը թողնված է սեփական հույսին: Հալեպի միությունները, կազմակերպությունները, համայնքն ընդհանրապես իրենց թիկունքում չեն զգում հայրենի պետության զորակցությունը:

Ես կարծում եմ, որ թեկուզ ուշացումով, բայց այս թերացումը պետք է շատ արագ ուղղել, քանի որ իրավիճակն օրեցօր բարդանում է, և համայնքը չգիտի՝ իրեն ինչ է սպասում: Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի:
Նախ, Անվտանգության խորհրդի նիստ պետք է հրավիրի և կողմնորոշվի, թե զարգացումների ինչ սցենարներ կարող են լինել և դրանցից յուրաքանչյուրի դեպքում ինչ աջակցություն կարելի է տրամադրել Սիրիայի հայ համայնքին:
Երկրորդ, առանց որևէ հրապարակայնության՝ նախագահի կողմից լիազորված անձ պետք է մեկնի Հալեպ, համախմբի այնտեղ գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, կրոնական հարանվանությունների առաջնորդներին, լսի նրանց, որի արդյունքում համատեղ ծրագիր պետք է մշակվի ոչ ցանկալի զարգացումների դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու և համայնքի վնասները նվազագույնի հասցնելու համար:
Հայաստանի պետությունն իրավունք չունի հապաղել»:

Նախորդող հրապարակում`

Բաշար Ասադը վերջապես արտաբերեց «պատերազմ» բառը

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց