Ե՞րբ պետք է կալանավորել մարդուն և ինչքա՞ն կարող է ձգվել կալանքի ժամկետը. Մասնագետի դիտարկումները

11:21 28/07/2012 » Իրավունք

Ե՞րբ պետք է կալանավորել մարդուն և ինչքա՞ն կարող է ձգվել կալանքի ժամկետը. Մասնագետի դիտարկումները

Հայաստանում որևէ արարքի մեջ նախաքննական մարմնի կողմից մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու և երկար ժամանակով կալանքի տակ պահելու մասին դատարանների որոշումները իրավական հանրության համար խիստ մտահոգիչ են: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գոնե վերջին շրջանում շահած գործերի հիմնական մասը հենց վերաբերում է կալանքին, դրա ժամկետի անհիմն երկարացմանը:

«Հայաստանում իրավաբանների համար գաղտնիք չէ, որ նախնական կալանքի հետ կապված մեծ խնդիր կա` դա կալանքների ոչ հիմնավոր լինելն է: Կան տրաֆարետային որոշումներ, որոնցում միայն մեղադրյալների ազգանուններն են փոխվում, կան նաև այնպիսի որոշումներ, որտեղ խախտում են անմեղության կանխավարկածը: Դեպք էր եղել, երբ մարդը հրաժարվել էր ցուցմունք տալուց ու դրա համար կալանքի ժամկետը երկարացրել էին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իրավիճակը ներկայացնելով` ասում է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինիալիստիկայի ամբիոնի դոցենտ Հրայր Ղուկասյանը:

Քրեական դատավարության գործող օրենսգրքով կալանք կիրառելու համար ի՞նչ հիմքեր են անհրաժեշտ. փորձեցինք հարցի պատասխանն ստանալ հենց Ղուկասյանից:

Նախ նկատենք, որ մարդուն ազատությունից զրկելու հիմքերը սահմանված են Սահմանադրության 16-րդ հոդվածով, որը, իրավագետի խոսքով, ըստ էության Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատությունը սահմանափկելը) վերարտադրությունն է: Իսկ ահա Քրեական դատավարության մասին գործող օրենսգիրքը բացում է փակագծերը և ազատությունից զրկելու մի քանի հիմքեր մատնանշում: Ի դեպ, Հրայր Ղուկասյանի խոսքով, Քրեական դատավարության գործող օրենսգիրքը, որն ավելի շուտ է ընդունվել, քան Հայաստանի Սահմանադրությունը, մարդու ազատության սահմանափակման ավելի լայն շրջանակ է սահմանում: «Դա, իհարկե, ճիշտ չէ», -նկատեց Հրայր Ղուկասյանը` նշելով, որ նոր մշակվող օրենսգրքով այդպես չի լինի:

Նշենք, որ Հրայր Ղուկասյանը նաև դատաիրավական բարեփոխումների 2012-2014 թվականների ծրագրի իրականացման շրջանակներում Քրեական դատավարության մասին նոր օրենսգիրքը մշակող խմբի ղեկավարն է:

Անձին կալանավորելու հիմնական պատճառներից են հավանականությունն այն մասին, որ անձը կարող է խուսափել, չներկայանալ, կամ թաքնվել քննությունից, մեղադրյալը կարող է կատարել նոր հանցանք, եթե նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, օրինակ վկաների կամ դատավարության մյուս մասնակիցների վրա այս կամ այն կերպ ճնշում գործադրել և այլն:

Ինչպե՞ս է որոշվում, որ մեղադրյալը կարող է խուսափել քննությունից կամ նշված որևէ արարքն անել:

Կալանքը՝ որպես խափանման միջոց, ըստ Ղուկասյանի, կիրառվում է, երբ պետք է կանխել մեղադրյալի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը: «Քանի որ նշված հիմքերը ենթադրություններ են, ապա բոլոր դեպքերում ենթադրության տակ կալանքը որպես միջնորդություն ներկայացնող մարմինը և այն մարմինը, որը կալանքի որոշում է կայացնում, պետք է կարողանա որոշակի փաստական հանգամանքների հիման վրա իր ենթադրությունը դարձնել հիմնավոր: Օրինակ, ինչո՞վ է հիմնավորում, որ մեղադրյալը խուսափում է և ցանկանում է թաքնվել քննությունից: Դրա համար հիմք կարող է լինել այն, որ նա գնել է ինքնաթիռի տոմս ու պատրաստվում է հեռանալ երկրից: Կամ օրինակ փորձում է անշարժ գույքը վաճառել և այլն», -բացատրում է մասնագետը:

Ինչ վերաբերում է կալանքի ժամկետի երկարաձգմանը, ապա Ղուկասյանը վկայակոչում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային մի քանի որոշումներ, որոնց համաձայն, կալանքի իրավաչափությունը ոչ միայն ընտրելու հիմքերի մեջ է, այլև դրա տևականության: Կալանքի երկարատևության մասին նշենք, որ մեկ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Կամո Փիրուզյանի հայցը. նա բավական երկար ժամանակ՝ 1 տարի 2 ամիս, մնացել էր կալանքի տակ և հետո արդարացվել էր: Արդեն յոթ ամիս է կալանքի տակ է գտնվում նաև պոռնոսկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»՝ Կարեն Արայանը, որը մեղադրվում է պոռնոգրաֆիկ լուսանկարները համացանցում տարածելու համար: Այժմ դատական քննությունը մտել է փակուղի՝ դատակոչվող վկաները, անգամ դատարանի սանկցիայի դեպքում, չեն ներկայանում քննության, իսկ դատավորը մերժում է Արայանի փաստաբանի միջնորդությունները՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին:

«Պետք է յուրաքանչյուր անգամ ուսումնասիրվի` արդյո՞ք հնարավոր չէ այլընտրանքային միջոց կիրառել կալանքի փոխարեն՝ որպես խափանման միջոց` օրինակ ստորագրություն և այլն: Եվ երկրորդ՝ արդյո՞ք այն տևականությունը, որով անձը գտնվում է կալանքի տակ, իրավաչափ է կամ արդարացված: Մասնավորապես, Եվրոպական դատարանն ասում է` եթե դու կալանքի ժամկետը երկարացնում ես երկու ամիսը մեկ, պետք է դատարանի առաջ հիմնավորես ոչ թե այն, որ այս անձը պետք է մնա կալանքի տակ, այլև պետք է հիմնավորես պատշաճ ջանասիրությունը, որ ամեն ինչ արել ես, որ այս գործը քննես արագ և դեռ անելիք ունես: Այստեղ կան բավական հստակ, օբյեկտիվ չափանիշներ միջազգային իրավունքի կողմից ընդունված, որոնց լույսի ներքո էլ պետք է հարցը դիտարկվի», -ասում է մասնագետը:

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելը և դրա երկար ձգվելը, ըստ Ղուկասյանի, մի գործով կարող է օրինաչափ լինել, մեկ այլ գործով` ոչ: Սակայն միևնույնն է, կան և միջազգային չափորոշիչներ, և Հայաստանի Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված նախադեպային որոշումներ, որոնք պետք է ընկած լինեն կալանքների մասին որոշումներ կայացնելու հիմքում: «Կան ներպետական և միջազգային դատարանների կողմից սահմանված հստակ չափորոշիչներ, կան գործի փաստական հանգամանքներ: Դրանք պետք է համադրել և ըստ այդմ, հետևություններ անել: Իսկ հետևություններ պետք է անեն առաջին ատյանի դատարանները, որոնք տալիս են կալանք և վերադաս դատարանները, որոնք ստանում են բողոքները», - նշում է Քրեական դատավարության մասին նոր օրենսգիրքը մշակող խմբի ղեկավարը:

 Ի՞նչ կարող է անել նոր օրենսգիրքը

Ղուկասյանը վստահ է, որ նոր մշակվող Քրեական դատավարության մասին օրենսգիրքը, որն արդեն ներկայացվել է նեղ շրջանակներում, փորձում է իրավաչափության պայմանները հստակեցնել, «ավելի ուժեղ դարձնել, ավելի ստուգելի ու վերահսկելի դարձնել»: Սակայն օրեսնդրական կողմից բացի, կա նաև օրենքի կիրառության խնդիր: «Կա խնդրի գործնական կողմ, որը կախված է իրավակիրառողի իրավագիտակցությունից: Այսինքն՝ կոնկրետ դեպքում քննիչը կամ դատավորը, եթե ինքը չի հասկանում ասենք եվրոպական դատարանի որոշումները, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները չի կարդում և այլ համոզմունքներ ունի, ուրեմն նույն խնդիրները կարող են առաջանալ», - նկատում է Հրայր Ղուկասյանը:

Ելքը, ըստ մասնագետի, ընդունված նախադեպային որոշումների կատարման նկատմամբ հետևողական լինելն է, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառության պրակտիկա ձևավորելն է: «Եթե դատավորի գործողությունների մեջ կնկատվի ակնհայտ անփութություն, դիտավորություն, պետք է կարգապահական հարց բարձրացնել: Օրենսգիրքը ակնկալում է, որ պետք է լինեն համալիր մոտեցումներ և այն, ինչ իրենից է բխում՝ տալ, հստակ, ոչ երկիմաստ կարգավորումներ, դա օրենսգիրքն անում է»,- վստահ է իրավագետը:

Հայաստանի կառավարությունը պարտվում է ՄԻԵԴ-ում. Փաստաբանները պահանջում են պատժել մեղավորներին

«Ախր, դաս չի լինում սրանց». Մալխասյանը գոհ է Եվրադատարանի կայացրած որոշումից

 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց