Հասարակություն 16:13 02/10/2014

«Հայոց Էլիս այլենդը» Նյու Յորքում. Ամերիկա գաղթած շատ հայեր իրենց առաջին պատառն այստեղ են կերել

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց  Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի: Նույն հնարավորությունն ունեցա և ես: Ուզում եմ կիսվել տպավորություններովս:

Մանհեթենի հարավ-արևելքում՝ 2-րդ ավենյույի և 34-րդ փողոցի խաչմերուկում վեր է հառնում Սուրբ Վարդանը՝ կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարի նմանությամբ: Մանհեթենի այս գողտրիկ հատվածում անմիջապես զգացվում է հայկական շունչը. բավականին ընդարձակ տարածքում է գտնվում հայկական ճարտարապետության ավանդույթներով կառուցված եկեղեցին, քայլելիս ականջիդ հայալեզու խոսակցություններ են հասնում, իսկ հարակից շենքերի վրա, որոնցում համայնքային կառույցներ են գործում, ծածանվում է եռագույնը: Սուրբ Վարդանն ինձ ինչ-որ առումով հիշեցրեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. արտաքուստ նրանց միջև ոչ մի նմանություն չկա, մինդեռ շրջակայքն ու ներքին անդորրը նույնն են: Մանհեթենում, ինչպես և Սինգապուրում, հայոց հոգևոր տաճարը տեղավորված է դեպի երկինք սլացող երկնաքերերի ֆոնին, իսկ եկեղեցու պատերից ներս տիրում է այնպիսի հանգստություն, որ մի պահ մոռանում ես, թե ուր ես գտնվում. աշխարհի ֆինանսական կենտրոնի եռուզեռն ու աղմուկն այստեղ լսելի չեն, չկա կյանքի գլխապտույտ տեմպը, որն առկա է եկեղեցու պատերից դուրս:

Եկեղեցում համայնքի անդամներից տեղեկացա, որ թեև Նյու Յորքի համայնքը համեմատաբար փոքրաթիվ է, սակայն Սուրբ Վարդանը միակը չէ այստեղ: Պարզվեց ընդամենը մի քանի թաղամաս դեպի հարավ՝ 2-րդ և 3-րդ ավենյուների արանքում 27-րդ փողոցի վրա է գտնվում հայ առաքելական մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը տեղի հայերն անվանում են նաև Մայր եկեղեցի:

«Հայոց Էլիս այլենդը», որ նոր ծաղկունք է ապրում




 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնելը հեշտ չէ: Պատճառն արտաքին տեսքն է. շինությունն ակնհայտորեն արտաքուստ ոչ մի աղերս չունի հայկականության հետ: Միակ կողմնորոշիչը մուտքի դռան մոտ փակցված հայատառ ցուցանակն է: Բայց դա միայն դրսից: Ներսում եկեղեցին լիովին հայկական է, թե կահավորմամբ ու ինտերիերով, և թե մթնոլորտով:

Ինչպես պատմեց եկեղեցու հոգևոր հովիվ Մեսրոպ քահանա Լաքիսյանը, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին՝ որպես բողոքական աղոթատեղի: Իսկ 1915 թվականին՝ Մեծ եղեռնից անմիջապես հետո այստեղ հաստատվել է Հայ առաքելական եկեղեցին:

Հայկական չէր, հայացուցինք, 1915 թվականին»,- մեր հետ զրույցում պատմեց տեր Մեսրոպը և ընդգծեց, որ 2015 թվականի մայիսի 17-ին տոնելու են եկեղեցու 100-ամյակը:

Տեր-Մեսրոպի խոսքով՝ եկեղեցին «կառույցով փոքր է, բայց գործունեությամբ մեծ եկեղեցի է»:

Այն Օսմանյան յաթաղանից փրկված և Հյուսիսային Ամերիկա տեղափոխված հայերի առաջին կայանատեղին է եղել:

«1915-ին հայերը Էլիս այլենդից  ուղղակի եկել են այստեղ: Սա Հայոց Էլիս այլենդն է: Հայերը ոտքով են եկել այստեղ»,- պատմում էր տեր Մեսրոպն ու նշում, որ հենց այդ պատճառով էլ Սուրբ Լուսավորիչը կոչվում է Մայր եկեղեցի:

ԱՄՆ-ի դարպասները համարվող Նյու Յորքի կենտրոնում գտնվող եկեղեցին հայ գաղթականների համար առաջին կայանատեղի է եղել իր գոյության ողջ ընթացքում:

«Ոչ միայն ցեղասպանությունից ճողոպրած, այլև 1950-70-ականներին Արևելյան Եվրոպայից, Մերձավոր Արևելքից եկած հայերն են եկել և իրենց առաջին պատառն այստեղ են կերել: Որից հետո արդեն հաստատվել են Ամերիկայի տարբեր անկյուններում»,- նշեց հոգևոր հովիվն ու փաստեց, որ եկեղեցին հարյուրամյա ցանկեր ունի՝ մկրտության, պսակի ու թաղման. «Սա հայ ժողովրդի ցանկն է: Սա մեզ չի պատկանում: Բոլորինն է»:

Եկեղեցին մեր օրերում էլ առանձնահատուկ դեր ունի Նյու Յորքի հայկական համայնքի կյանքում: Տեր Մեսրոպի պատմելով՝ հոգևոր կյանքի նոր զարթոնքի սկիզբ էր եկեղեցու վերանորոգումը:

«Վերանորոգելուց հետո եկեղեցին ոչ միայն արտաքնապես, այլ հոգեպես ծաղկեց»,- պնդեց իմ զրուցակիցն ու տեղեկացրեց, որ 18-ամսյա ընդմիջումից հետո 2009 թվականին խորանը վերաօծվել է և եկեղեցու դռները կրկին բացվել են այցելուների առջև:



«Սուրբ Լուսավորիչը ընտանիքի եկեղեցի է»

Եկեղեցուն կից փոքրիկ սրահ կա, որտեղ սեղաններ են դրված: Տեր-Մեսրոպը բացատրեց. «Սուրբ Լուսավորիչը ընտանիքի եկեղեցի է: Մեր կառույցը մեծ չէ, բայց Մանհեթենի գողտրիկ թաղամասում ընտանիքի եկեղեցի է, ու թե առիթ ունենայիք կիրակի այցելել, կտեսնեիք, որ ընտանիքներ են գալիս այստեղ»:

Հայերը Նյու Յորքի տարբեր թաղամասերից՝ Բրուքլին, Քուինզ, Մանհեթեն և այլն, կիրակի օրն այցելում են ոչ միայն կրոնական ծիսակատարությունների մասնակցելու, այլև մտերմիկ զրույցների համար: Մեզ հետ զրույցում եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Մարտիրոսյանը պատմեց, որ համայնքի անդամներն այստեղ են հանդիպում միմյանց և անհրաժեշտության դեպքում փոխօգնության ձեռք մեկնում:

«Ես նույքնան կարժևորեմ այդ պահը»,- ընդգծեց տեր Մեսրոպը, ինչից կարելի էր հասկանալ, որ եկեղեցու տարածքում կիրակնօրյա սուրճը ոչ միայն հանգստի ձև է, այլ մի լուրջ արարողություն, որն իր մեջ հայապահպանության մեծ իմաստ է պարունակում:

Հոգևոր հովվից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում է համայնքում հայապահպանության խնդիրը և ինչ առաքելություն ունի եկեղեցին:

«Հայապահպանության իմաստով մեր բոլոր արարողությունները հայերենով են արվում, ինչը յուրահատուկ է Ամերիկայի բոլոր եկեղեցիների հետ բաղդատած, ունենք շաբաթօրյա դպրոց, ունենք ամենօրյա դպրոց: Ունենք երիտասարդաց երաժշտական խմբակ, որ միայն հայ զուլալ մաքուր երգն է տարածում Ամերիկայի տարբեր շրջաններում»,- նշեց նա ու տեղեկացրեց, որ «Հույսեր» անունը կրող համույթը ԱՄՆ-ի տարբեր եկեղեցիների ու հաստատությունների հրավերով շրջագայություններ է կատարում. «Հույսեր», որովհետև երիտասարդությունը մեր հույսն է, ապագան է: Ես շատ մեծ հույս եմ դրել իրենց վրա, և թիկունք եմ կանգնում իրենց գործունեությանը»:

Բնականաբար, չէինք կարող շրջանցել նոր գաղթածների՝ Հայաստանից մեկնած հայրենակիցների թեման: Պարզվեց, որ նրանք ևս աստիճանաբար կապվում են եկեղեցու հետ և ներգրավվում համայնքային կյանքի մեջ: Տեր Մեսրոպը տեղեկացրեց, որ այս գործում մեծ է եղել նաև ՄԱԿ-ում Հայաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի դերը:

«Դեսպանության հետ համագործակցաբար մի քանի առիթներ ստեղծեցինք, հատկապես պետք է նշեմ անգլերենով հայոց պատմության ութշաբաթյա դասընթացը, որի ժամանակ նշմարելի էր երիտասարդության, հատկապես Հայաստանից գաղթած երիտաարդության ակտիվ ներկայությունը: Երիտասարդները, որ արդեն 15-20 տարի այստեղ են և մեծացել են ամերիկյան մթնոլորտի մեջ, եկան և լրջությամբ հետևեցին դասընթացին, և դրանից հետո կապ ստեղծվեց»,- պատմեց նա՝ նշելով, որ այդուհետ ակտիվացել են այցելությունները հատկապես մշակութային երեկոներին: Տեր Մեսրոպը վստահեցրեց, որ հայաստանցի երիտասարդների կապերն աշխուժացել են ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչի, այլև շրջակայքի բոլոր հայկական եկեղեցիների հետ:

«Հայաստանը նրանց առաջին տունն է»
«Այստեղ ազգայնական ոգին շատ շեշտված է: Այն գերազանցում է կրոնականին»,- այսպես արձագանքեց տեր Մեսրոպն իմ հարցին, թե ծխի անդամներն ինչպե՞ս են վերաբերում հայրենիքին. «Հայաստանը մեր տունն է, Հայաստանը մեր հայրենիքն է: Մենք միշտ Հայաստանով ենք ապրում: Այս ծուխն իր ներսում միշտ պահում է Հայաստանը»:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր ծխականներով հանդերձ միշտ մասնակից է եղել Հայաստանի ու Արցախի, վերջերս էլ նաև սիրիահայությանն ուղղված օժանդակության ծրագրերին: Իսկ այս տարի, Տեր-Մեսրոպի ներկայացմամբ՝ հայրենիքի հետ կապի հարցում «գործնական են եղել»: Բանն այն է, որ Սուրբ Լուսավորիչը Հայաստանում քույր համայնք է ձեռք բերել և մտադիր է ամեն տարի աջակցել:

«Մենք ունեցանք մեր քույր հայմայնքը Հայաստանում՝ Լճկաձոր փոքրիկ գյուղի մեջ, սուրբ Սարգիս փոքրիկ եկեղեցու հովանու ներքո: Մենք կարողացանք շատ կարճ ժամանակում գումար հավաքել, և արդեն իսկ մեր ծրագիրն իրականացված է այնտեղ»,- հայտնեց հոգևոր հովիվը:

Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է խնդրո առարկա ծրագիրը պատմեց, որ 2013 թվականին է որոշվել քույր համայնք ունենալ Հայաստանում և ընտրությունը կանգ է առել Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի վրա:

«Ներկայումս սպառողական կոոպերատիվ է հիմնվել և ջերմոց է կառուցվում՝ ընդհանուր 35 հազար դոլար արժողությամբ»,- տեղեկացրեց մեր զրուցակիցն ու նշեց, որ աշխատանքում կիրառվում են նոր սկսզբունքներ՝ մասնակցայնություն, ինչը ենթադրում է, որ իրականացվող աշխատանքների վերաբերյալ որոշումները կայացնում է ոչ թե համայնքապետը, այլ ողջ համայնքը, և փոխադարձություն, ինչի դեպքում մեր սփյուռքահայ հայրենակիցներն իրենց կզգան ոչ թե դոնորներ, այլ գործընկերներ:

«Այս սկզբունքների ապահովումը ենթադրում է պրոֆեսիոնալ աշխատանք, որի համար էլ մենք համագործակցում ենք Օքսֆամ բրիտանական կազմակերպության հետ, որը ոչ միայն ապահովում է այս սկզբունքների կիրառումը, այլև դրամաշնորհային ծրագրերի միջոցով կրկնապատկում է սփյուռքի հատկացրած գումարները»,- տեղեկացրեց Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ Օքսֆամի և Կիլիկիայի կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդարանի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել և նախատեսվում է հաջողված մոդելն ընդօրինակել 2-3 այլ եկեղեցիների կողմից:

Ինչ վերաբերում է Սուրբ Լուսավորիչի նախաձեռնությանը, ապա եկեղեցին մտադիր է ամեն տարի շուրջ 10.000 դոլարի ծրագրեր իրականացնել Լճկաձորում: «Մենք մտադիր ենք մեր քույր համայնքում ամեն տարի շարունակել մեր ծրագրերը՝ տարբեր ոլորտներում»,- հայտնեց տեր Մեսրոպն ու բացեց փակագծերը. «Ներդրումներ անում ենք, որպեսզի գյուղացին այնտեղ մնա, որպեսզի գործ լինի, և մարդիկ ստիպված չլինեն լքել գյուղը»:

Այս խոսակցության ընթացքում մտածեցի, որ նման հորիզոնական կապերը գուցե ավելի արդյունավետ կարող են լինել, քան ինստիտուցիոնալացված, բարդ մեխանիզմներով բարեգործական ծրագրերը, որոնք շատ հաճախ մեր սփյուռքահայ բարերարների կողմից անվստահության են արժանանում: Օրինակ, մտաբերեցի, որ Ազգային ժողովում քննարկվում է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու մասին օրենսդրական նախաձեռնություն, և հիշեցի, որ միայն ԱՄՆ-ում 200 եկեղեցի է գործում, որոնք Լճկաձորի օրինակով կարող են հովանու տակ առնել գրեթե նույն քանակությամբ համայնքները:

Բայց մյուս կողմից էլ դեռ հարց է, Սփյուռքն իր ամբողջության մեջ պատրա՞ստ է նման ձեռնարկի: Նախագահ Սարգսյանը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ժամեր առաջ երեք կետով ձևակերպել էր Հայաստանի ակնկալիքը սփյուռքահայերից. երկու տարին մեկ անգամ այցելել հայրենիք, ներդրումներ կատարել հայրենիքում ու գործարարությամբ զբաղվել, դրսում ոչ հայ բարեկամներին ու հարևաններին պատմել հայության ու Հայաստանի մասին: Փորձեցի տեր Մեսրոպից հետաքրքրվել, արդյոք այս ակնկալիքներն արդարացի՞ են, թե՞ չափազանց շատ են: «Շատ բնական են: Այդպես պետք է լինի»,- արձագանքեց նա ու հավելեց. «Իմ ծխականները շատ հետաքրքրված են Հայաստանով, կարող եմ 10-15 անուններ տալ, ովքեր 5-6 ամիս է արդեն Հայաստանում են ապրում: Տուն ունեն, գործ ունեն այնտեղ, և Հայաստանն իրենց, չեմ ասի՝ երկրորդ, առաջին տունն է»:

«Մեր մեծագույն միասնականությունը պիտի ցույց տանք»

Նյու Յորքում, որտեղ հնչեղ հայ անուններ կան, անշուշտ չէի կարող ծխական հոգևոր հովվից չհետաքրքրվել, թե ինչ ծրագրեր կան՝ կապված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Տեր Մեսրոպը տեղեկացրեց, որ կա մեծ հանձնախումբ և անելիքներն էլ արդեն պարզ են, միջոցառումներ նախատեսված են ողջ տարվա ընթացքում, բայց հիմնական իրադարձությունը նախատեսված է հաջորդ տարի. «2015-ի մայիսին սպասվում է երկու Վեհափառների այցը այստեղ, որոնց հովանավորությամբ երկու առիթներ ունենք՝ Նյու Յորքում և Վաշինգթոնում: Սպասվում է, որ առաջինի ժամանակ Արևելյան շրջանի եկեղեցիները կմեկտեղվեն Մանհեթենում, տեղի կունենա քայլարշավ, միացյալ պատարագ և մշակութային բազմաթիվ ձեռնարկներ»:

Շոշափել Հայոց ցեղասպանության թեման ու չանդրադառնալ Դեր Զորում տեղ գտած վայրագությանը չէի կարող: Տեր Մեսրոպից հետաքրքրվեցի, թե ինչպես ընկալվեց Սիրիայից եկած բոթը՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը:

«Պողոս առաքյալն ասում է, երբ մարմնիդ որևէ անդամը կցավի, ողջ մարմինդ կցավի: Նույնն է պարագան հայ ժողովրդի: Երբ Դեր Զորի մեջ այդպիսի ականահարում տեղի կունենա, բնականաբար բոլոր հայերն են ցավում, որովհետև մենք բոլորս միասնական ենք: Ցավալի երևույթ էր այդ, և մենք գիտենք, որ այդ հարվածն ուղղված է համայն աշխարհի հայության դեմ, մանավանդ մենք պատրաստվում ենք ազգովի նշել մեր ցեղասպանության 100 ամյակը: Կկարծեմ՝ մեզ լռեցնելու, մեր պահանջքը, մեր պահանջատիրությունը լռեցնելու փորձ է: Բայց մենք 100 տարի պայքարել ենք, և մեր պայքարը կշարունակենք, հատկապես եկեղեցին, որ ազատության, արդարության, մեր միասնականության տունն է: Մեր երթը չպետք է դադարեցնենք»:

Ի դեպ, Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչը հայկական մյուս եկեղեցիներից առանձնանում է մեկ այլ հանգամանքով ևս. այստեղ Դեր Զորից բերված հայ նահատակների մասունքներ են պահվում:

«Սա երրորդն է՝ Դեր Զորից ու Անթիլիասի Նահատակաց մատուռից հետո»,- պատմեց մեզ տեր Մեսրոպն ու հավելեց, որ մասունքները Նյու Յորք են բերվել 2000-ին՝ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հովանավորությամբ և դոկտոր Հրանտ Մարգարյանի անմիջական աջակցությամբ. «Այս ոսկորները բերեցինք ոչ թե ցուցադրության համար պարզապես, այլ՝ հիշեցնելու համար, պահանջելու համար: Եվ մենք ամեն կիրակի, երբ պատարագ ենք մատուցում, մեր նահատակները միշտ մեր հիշողության ու աղոթների մեջ են: Մեր բոլոր արարողությունները կատարում ենք իրենց մտերմության մեջ»:

Մասունքները տեղադրված են եկեղեցու խորանի աջ հատվածում հատուկ պատրաստված ցուցափեղկի տակ, ինչպես տեր Մեսրոպը նշեց, այն կոչում են՝ «Հիշատակի խորան»:


Ցուցափեղկի դիմերեսին պատկերված է Հայկական լեռնաշխարհի ու հարակից տարածքների քարտեզը՝ բնակավայրերի անուններով:

Քարտեզն աչքի եմ անցկացնում ու հնչում է տեր Մեսրոպի հոգոցը. «Այն բոլոր գյուղերն ու քաղաքաներն են, որոնք տեղահանվեցին»:

Այս պարզաբանման կարիքը չկար. յուրաքանչյուր հայ, թերևս, այդ քարտեզն անգիր գիտե: Բայց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվն այդ պարզաբանումը հնչեցնելու ցանկություն ունի. Նյու Յորքի այս բանուկ հատվածում բազմաթիվ օտարազգիներ են այցելում հայկական եկեղեցի, ովքեր քարտեզի ու հայերի ճակատագրի մասին շատ հաճախ պատկերացում չունեն:

Տեր Մեսրոպը պատմեց, որ վերջին շրջանում եկեղեցին շատ օտարների համար է ուխտատեղի դարձել: Անգամ «Դեյլի նյուզ» պարբերականը մեկ ամբողջ էջով անդրադարձել է «Հիշատակի խորանին» ու դրա խորհրդին:

«Բազմաթիվ օտարազգի այցելուներ են գալիս, ովքեր հետաքրքրվում են, և նաև տեղեկացնում իրենց ԶԼՄ-ներով»,- նշեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հատկապես մեծ հետաքրքրություն կա հրեական համայնքի կողմից:

Հայ նահատակների մասունքները դիտելուց հետո զրույցի այլ թեմա չէի կարողանում գտնել: Բայց մի հարց ինձ տանջում էր, ու փորձեցի հնարավորինս նրբանկատ ձևով հնչեցնել այն. «Մանհեթենի այս փոքրիկ հատվածում երկու հայկական եկեղեցի: Արտաքուստ մասնատվածության տպավորություն է թողնում: Համայքնը միասնակա՞ն է»:

«Դժվար է հարցին պատասխանել: Մենք հոգևորականներս շատ լավ հարաբերությունների մեջ ենք, երկու առաջնորդ սրբազանները, հոգևորականները հաճախ հանդիպում ենք, միասին ձեռնարկներ ենք կազմակերպում, բայց ավելին պետք է անել»,- նշեց նա ու դրական նոտայով փակեց մեր զրույցը. «Խորհրդանշական է, որ գալիք տարի երկու կաթողիկոսները միասին են այցելելու: Սա մեծ բան է մեզ համար: Հավանաբար այդկերպ մեր մեծագույն միասնականությունը կարող ենք ցույց տալ, և իմ մաղթանքն է, որ դա շարունակվի»:


Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}