19:17 11/02/2009 » Մշակույթ

ՔԱՀԱՆԱ. «ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹԱՄԲ, ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

«Բնական է, որ այսօր հեռուստաեթերը բազում խնդիրներ ունի` ոտնահարվում են բազում արժեքներ` ազգային, համամարդկային, տիրապետում է բռնությունը: Այն անճաշակությունը, որը որ այսօր մատուցվում է հեռուստադիտողին, չեմ կարծում, որ մեզանում կերտում է արժանավոր քաղաքացի»,- Panorama.am-ին հայաստանյան այսօրվա հեռուստաեթերի մասին նման տեսակետ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ըստ նրա, հեռուստատեսությունը շատ մեծ դեր կարող է ունենալ հասարակության կյանքում` սերմանելով սեր, բարություն, բարոյականություն, սակայն հակառակ գործընթանցն է տեղի ունենում` բռնություն, անբարոյականություն և այլն:

«Հեռուստատեսությամբ, որն ունի մեծ լսարան, ավելի դյուրին է որևէ պատգամ կամ խոսք հղել: Անշուշտ, զանգվածային լրատվական միջոցներն այն խողովակներն են, որոնց միջոցով կարող ենք ինչ-որ բան ժողովրդին ուղղելու հարցում մեծագույն արդյունքներ արձանագրել»,- ասաց Տեր Վահրամը:

Հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալները, ըստ քահանայի, վեր են հանում հասարակության վատ բարքերը, որոնք էլ դիտելով շատ շատերը, կարծում են, որ դա է ճիշտը: Սակայն, իրականում, այսօրվա սերիալների ազդեցության տակ աճում է հանցագործությունը, բռնությունը և նմանատիպ այլ երևույթներ:

Մեր այն հարցին, թե նման պարագայում ինչո՞ւ եկեղեցին որևէ նախաձեռնությամբ հանդես չի գալիս, քահանան պատասխանեց. «Կոնկրետ նախաձեռնությամբ հանդես չենք գալիս, բայց տարբեր եկեղեցականներ տարբեր հանդիպումների ժամանակ շատ են խոսում»: Նա կարծում է, որ պետք է որոշակի մեխանիզմներ կամ մարմիններ լինեն, որ կարողանան ինչ-որ ձևով համակարգել և վերջ դնել այն ամենին, ինչը կատարվում է այսօր հեռուստաեթերով, ինչը, անխոս, ձեռնտու չէ հայ ժոովրդին:

Ի՞նչ է անում այսօր եկեղեցին հայ քաղաքացուն դեպի եկեղեցի վերադարձնելու համար հարցին, Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ եկեղեցու ողջ գործունեությունը միտված է մի նպատակի` ժողովրդի մեջ ամրապնդել հավատը, և նրանք էլ, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով, այդ թվում նաև` սոցիալական, հեռացել են Քրիստոնեական եկեղեցուց, կարողանան վերադարձնել իրենց Մայր եղեկեցի:

«Բացի այն, որ ժողովուրդը գալիս է եկեղեցի, խոսում հոգևորականների հետ, եկեղեցին ունի բազմաթիվ սոցիալական ծառայություններ. եկեղեցականներն այցելում են զորամասեր, ազատազրկվածների մոտ և հասարակության տարբեր շերտերին, ինչպես նաև ունենք հեռուստաեթերով և ռադիոյով հաղորդումներ, ունենք հրապարակումներ»,- ասաց քահանան:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Տաթևիկ Մանուկյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց