19:36 24/11/2009 » Մշակույթ

Մարիամ Պետրոսյանի «Տուն, որում…» վեպը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը

«Մեծ գիրք» ռուսական գրական մրցանակաբաշխության կազմակերպիչները հրապարակել են ընթերցողների քվեարկության արդյունքները: Ընթերցողների քվեարկության արդյունքում Մարիամ Պետրոսյանի անտիպ «Տուն, որում…» վեպը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Նշենք, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 384 գրող, սակայն ապրիլին կայացած ընտրական փուլում կիսաեզրափակիչ են անցել միայն 48-ը, որոնցից փորձագետները մայիսին ընտրել են 13-ին: Ընթերցողների քվեարկությունը մի քանի ամիս է տրել` հունիսի 23-ից մինչև նոյեմբերի 20-ը: Ընթերցողները հնարավորություն ունեին ոչ միայն գնահատել իրենց նախընտրած գրողին, այլև ընթերցել նրանց ստեղծագործությունները` այցելելով www.bigbook.ru կայք:

Ընթերցողների քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Անդրեյ Բալդինի «Կետի երկարություն» էսսեների հավաքածուն, երկրորդ հորիզոնականում է Լեոնիդ Յուզեֆովիչի «Կռունկներն ու թզուկները» գիրքը:

Գրականության ակադեմիան դեռ չի կատարել իր ընտրությունը: Կհամընկնե՞ն արդյոք ժյուրիի ու ընթերցողների կարծիքները, պարզ կլինի նոյեմբերի 26-ին: Հենց այդ ժամանակ էլ ընթերցողների համակրանքին արժանացած գրողները կստանան իրենց մրցանակը` արձանիկ բաց գրքի տեսքով: Իսկ Գրականության ակադեմիայի կողմից «Մեծ գիրք» մրցանակաբաշխության հաղթողները կստանան նաև գումար. առաջին մրցանակը ստացած գրքի հեղինակին տրվելու է 3 մլն ռուբլի, 2-ին` 1,5 մլն, 3-ին` 1 մլն:

«Տուն, որում…»… Տուն, որտեղ ապրում են անչափահասները: Այստեղ նրանք սովորում են, ընկերանում են, սիրահարվում: Աշխարհը հրաժարվել է նրանցից, նրանք էլ` աշխարհից: Եվ, ըստ երևույթին, հենց աշխարհն է պարտվողի դերում: Տան բնակվողները յուրահատուկ են: Չտալով նրանց ֆիզիկականը` ճակատագիրը փոխարենը տալիս է այլ պարգևներ: Գիրքը նաև այն մասին է, թե ինչպես է ընկերությունը հաղթահարում խոչընդոտները…

Նշենք, որ Մարիամ Պետորսյանը ծնվել է 1969 թվականին Երևանում: 1989 թվականից աշխատել է «Հայֆիլմում»` մուլտիպլիացիայի բաժնում: 1992-94 թթ. աշխատել է Մոսկվայում: 1995-2007-ին` կրկին «Հայֆիլմում»:

«Մեծ գիրք» գրական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2005 թվականին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել