Եվա Ռիվաս. Ես պատրաստ եմ հենց վաղը դուրս գալ «Եվրատեսիլի» բեմ

17:05 09/02/2010 » Մշակույթ

Եվա Ռիվաս. Ես պատրաստ եմ հենց վաղը դուրս գալ «Եվրատեսիլի» բեմ

«Ես պատրաստ եմ հենց վաղը դուրս գալ «Եվրատեսիլի» բեմ ու ասեմ ավելին` հաղթել»,- ասաց Հայաստանը «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու հնարավորություն ունեցող Եվա Ռիվասը` «Ծիրանի կորիզ» («Apricot Stone») երգի շնորհանդեսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը և ևս 9 հոգի անցել են հայաստանյան նախընտրական փուլն ու փետրվարի 14-ին նրանք իրենց երգերը կներկայացեն հանրության դատին: Նա, ով ստանա առավելագույն միավոր, կներկայացնի Հայաստանը մայիսի 25-29 Օսլայում կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ում:

Երգչուհին իր մյուս 9 «հակառակորդների» հաղթելու հնարավորությունները գնահատեց հավասար` չառանձնացնելով ոչ մեկին:
Երգի շնորհանդեսին ներկա Հայաստանի ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանն ասաց, որ Եվա Ռիվասը երգը պրոֆեսիոնալ ներկայացնելու բոլոր հնարավորություններն ունի:

«Ցանկանում եմ` Եվրատեսիլ գնա նա, ով իսկապես արժանի է Հայաստանը ներկայացնելուն: Ընտրությունը պետք է լինի ճիշտ»,- ասաց նա:
Երգչուհու պրոդյուսեր «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը նշեց, որ իրենք փետրվարի 14-ին կայանալիք երգի ընտրության համար անցկացվող մրցույթում ներկայացնելու են միայն Օսլոյում նախատեսված շոուից միայն մի փոքրիկ հատված:


«Փետրվարի 14-ին հանդիսատեսն ուղղակի ընտրելու է երգը»,- ասաց նա:
Նշենք, որ երգի շնորհանդեսին ներկա էր 1956 թ. Շվեյցարիայիում կայացած «Եվրատեսիլ» առաջին երգի մրցույթի հաղթող Լիս Ասիան:

Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» երգի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը, խոսքերի հեղինակը` պոետ-երգահան Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը` Արա Թորոսյանինն է (Մուրզո): Որպես բեկ վոկալ հանդես են գալու Տիգրան Պետրոսյանն ու Գոգան:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց