Փոքր Մհերին սպասելիս…

13:21 09/02/2010 » Մշակույթ

Փոքր Մհերին սպասելիս…

Հարգելի խմբագրություն,

Երեկ Մոսկվա կինոթատրոնի կիսադատարկ սրահում դիտեցի երկարատև ընդհատումներով պատրաստած «Սասնա Ծռեր» անիմացիոն ֆիլմը:  
«Առաջին հայկական» բառակապակցությունը լսելիս` անզոր եմ զսպել ներքին հուզմունքս: Այն միշտ խորհրդավոր ու վեհ զգացումներ է ներշնչում: Գուցե ներշնչանքի և սպասելիքի գումարային մեծությունը չհամընկավ իրական պատկերին և միանգամից հիասթափվեցի: Այն ակնկալիքները, որ տածում էի ֆիլմի հանդեպ ի չիք դարձան հենց առաջին րոպեներից, երբ էկրանին տեսա մորեմերկ, վերացած հայացքով Հայոց արքայադուստր Ծովինարին վազելիս, իսկ արտասանած տեքստից պարզ էր, որ հեղինակները բավականին խմբագրել են էպոսի բնագիրը:

 Հասկանալի է, որ յուրաքանչյուր հեղինակ ունի սեփական ձեռագիր և յուրահատուկ մոտեցում, սակայն,      «Սասնա Ծռերն» այն բանահավաք ստեղծագործությունն է, որի կուռ կառուցվածքն ու գունային և բովանդակային լուծումները տարբեր հեղինակների մշակումների արդյունքն են; Ուստի, հենց միայն դրա համար չարժեր աղճատել էպոսի կառուցիկությունը: Այդ ֆիլմից չզգացի էպոսի հիմնական գաղափարը, հայ ժողովրդի վաղեմի երազանքների մարմնացումը հանդիսացող գործը էկրանավորվել էր, խութերով ու կախման բազմաթիվ կետերով: Ֆիլմում բացակայում էր հիմնական շեշտադրումը, կամ եթե կար էլ, ուրեմն շատ անհասկանալի էր ու հեղհեղուկ: Էպոսին անծանոթ մարդկանց շատ դժվար կլիներ բացատրել, թե ով ում բարեկամն է, քանի որ բարեկամները քիչ էին և անսպասելի հայտնվում էին ու անհետանում: Փոխարենը հստակ էր Սասունի թշնամին, որի տռուզ փորը և սպիտակ` մանկական տակդիր հիշեցնող վարտիքը իրոք զավեշտալի էին: Սանասար-Բաղդասար, Մեծ Մհեր ճյուղերի վերաբերյալ կցկտուր տեղեկատվություն տրամադրելուց հետո, անցում էր կատարվում Սասունցի Դավթին: Հանդիսատեսին այդպես էլ անհայտ են մնում Սասնա տան խորհուրդը, կառուցման դրդապատճառները, Սասուն անվան իմաստը, առասպելական ձիու` Քուռկիկ Ջալալու և պարտություն չհանդուրժող Թուր Կեծակու ջրային ծագման և հայտնվելու դրվագները, այնինչ դրանց հատուկ ուշադրություն է դարձվում բնագրում: Հայ ժողովրդի երազանքներում ծնված ուժեղ ու անպարտելի հերոսներըին ֆիլմի հեղինակները ամբողջական չեն ներկայացրել. չկան խորաթափանց հայացքներ, չարաճճի, միամիտ, վերջապես մի քիչ  «ծուռ» բայց անսահման բարի հերոսները չեն ստացել համապատասխան էկրանացում:

Ֆիլմի հեղինակների թեթև ձեռքով միամիտը դարձել է դանդաղամիտ, չարաճճին` վիրունի, բարին` անհամոզիչ: Ինչ վերաբերում է կերպարների տեսքին, ապա նման հերոսներով ողողված են արտասահամանյան ֆիլմերը, անգամ ֆիլմում թևածող բազեն ոչնչով չէր տարբերվում այլ ֆիլմերի փետրավոր ցեղակիցներից:


Էպոսը ոչ թե խմբագրվել կամ նոր հայացքով էր էկրանավորվել, այլ աղճատվել և հոգին ու ոգին կորցրել էր: Պատմողական ոճով նկարված ֆիլմին պակասում էր դինամիկան: Դրվագներ, որոնցով էպոսը այնքան հագեցած է, հիմնականում տեղ չեն գտել ֆիլմում: Կորել էր Արտատեր պառավը, որի կերպարը առանցքային նշանակություն ունի էպոսում, նրա փոխարեն հայտնվել է խզմզված դեմքով մի կին, որի տարեց լինելը ոչ թե երևում, այլ հասկացվում էր Ցռան Վերգոյի .«Լռիր պառավ», բացականչությունից: Ի Դեպ այդքան գունեղ Ցռան Վերգոն այդ նախադասությամբ ավարտում էր իր առաքելությունը ֆիլմում, այնինչ էպոսում նրան է տրված ամենազավեշտալի հերոս լինելու պատիվը և Մսրա Մելիքի ականջը Դավիթը պարգևում է հենց նրան: Կցկտուր էր ներկայացված Դավթի հորեղբայր Ձենով Օհանը, բոլոր ժամանակների իմաստուն քեռի Թորոսը նույնպես արժանացել էր նույն բախտին: Ժողովրդական դյուցազներգության հերոսների աջ թևի խորհրդանշական «Խաչ Պատերազմին» նշմարվում էր ֆիլմի որոշ դրվագներում, սակայն ոչ հերոսների աջ թևին:


Ֆիլմում առանձին նյութ են կանայք: Ի տարբերություն էպոսի, ֆիլմի հերոսների կանայք գրեթե չեն երևում: Առանցքային դեր է վերապահված Ծովինարին և Իսմիլ Խաթունին, մի պահ երևում է նաև Մեծ Մհերի կին Արմաղանը: Հայ կնոջը մարմնավորող էպիկական և ուժեղ կերպարները, որոնք էպոսում այնքան հիմնավոր են ու համոզիչ բացարձակապես չեն արծարծվել ֆիլմում
Այսքանից հետո իրոք ցավ ապրեցի, երբ տեսա, որ ֆիլմն ավարտվում է հայերին բնորոշ մեռելաթաղության սինդրոմով. Սասնա Ծռերին տրվող   «օղորմիների»   երկար շարքով: Անցողիկության մասին հիշեցումը նվազեցրեց հերոսական տպավորության առանց այն էլ քիչ բաժինը: Բնականաբար ֆիլմում հնարավոր չէր անդրադառնալ ամբողջ էպոսին, սակայն դրա ամբողջականությունը պահպանելն անհրաժեշտ էր: Ցավոք աղճատված էր նաև ամբողջականությունը: Ֆիլմն ավարտվում էր Մսրա Մելիքի սպանության անորոշությամբ: Ուզում եմ հարցնել, թե ինչու են հենց այդտեղ վերջակետ դրել հեղինակները, ու՞ր է անմահությունը, հետևաբար` լավ լինելու հույսը, ու՞ր է անպարտելի Փոքր Մհերը, որի հետ դարերով սպասել ենք արդարության: Ուզում եմ իմանալ` ու՞ր է վերջին Սասնա Ծուռը, ժողովրդական իմաստության և բարու հաղթանակի հավատը կրողն ու սրբորեն շատ հեռու ժայռի խորքում պահողը:


Հ.Գ. Մի փոքրիկ, գուցե անուշադրության սխալ էլ կար ֆիլմում. Գարեգին Սրվանձտյանի անունը գրել էին ճիշտ, բայց արտասանել Գարեգին Սրվանձտյանց….

Ծովինար Խաչատրյան

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց