«Ոսկե ծիրանի» երազանքներն իրականանում են

18:43 15/04/2010 » Մշակույթ

«Ոսկե ծիրանի» երազանքներն իրականանում են

«Այն երազանքը, որով մի օր սկսեցինք մեր փառատոնը, իրականություն է դառնում: Մենք ցանկանում էինք, որ փառատոնը վերածվի մի մթնոլորտի, որտեղ երիտասարդ կինոռեժիսորները կարողանան նկարահանել իրենց ֆիլմերը: Դա այսօր կարողանում ենք ապահովել: Մենք անցնում ենք նոր էտապի, որը կոչվում է հայկական նոր կինո»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա նշեց, որ «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագիրն արդեն սկսում է տալ իր արդյունքներ. կինոդպրոց, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի «Միասին ֆիլմեր նկարահանենք» նոր նախաձեռնություն:

Հ. Խաչատրյանն ասաց, որ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 8-10-ը Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը՝ «Միասին ֆիլմեր նկարահանենք» վերնագրով։ Երկու երկրում հայտարարվել էր կարճամետրաժ ֆիլմերի (խաղարկային, վավերագրական և անիմացիոն) նախագծերի մրցույթ։ Դրանք պիտի լինեին Հայաստանի և Թուրքիայի, երկու երկրների ներկայի և անցյալի, այնտեղ ապրող մարդկանց, նրանց հույզերի և երազանքների մասին։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագրի համակարգող Արծվի Բախչինյանը ներկայացրեցին հանդիպման արդյունքները: Հայկական կողմը ստացել էր 15 նախագիծ, թուրքականը՝ 40։ Ստացված հայտերից ընտրվել է 10 նախագիծ, 5-ական` ամեն երկրից, որոնցից 4-ը ստամբուլյան հանդիպման արդյունքում պիտի ստանային զարգացման և նկարահանման համար դրամաշնորհ: Հայաստանը ներկայացնում էին հինգ երիտասարդ ռեժիսորներ: Ստամբուլում եռօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում կազմված փորձագետների խումբը հայկական նախագծերից ֆինանսավորման արժանացրեց Դիանա Կարդումյանի «Գալաթա» և Գոռ Բաղդասարյանի «Հարևանները» ծրագրերը։ Թուրքական կողմից լրիվ ֆինանսավորում ստացավ մեկ խաղարկային կինոնկարի նախագիծը, մասնակի ֆինանսավորման արժանացավ ևս մեկ նախագիծ:

Նկարահանելիք բոլոր կարճամետրաժ ֆիլմերը կլինեն «Ոսկե ծիրանի» և «Անադոլու Քյուլթուրի» համատեղ արտադրությունը։ Նկարահանումները նախատեսվում է ավարտել մինչև 2011 թվականի հունվարի 30-ը։ Տարբեր թեմաներ ունեցող այդ կինոնկարները ծրագրված է համախմբել հայ-թուրքական կինոալմանախի ներքո։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-թուրքական համատեղ ֆիլմերը ցուցադրել 2011-ին Ստամբուլի միջազգային և «Ոսկե ծիրան» փառատոներում։

Նշենք, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2010 թվականի գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Ասուլիսին ներկա ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թոմաս Միթնախթն ասաց. «Համատեղ կինոարտադրության միջոցով հնարավոր է նպաստել մշակութային կապերի հաստատմանը, օգնել, խթանել խաղաղության ձևավորմանը: Մեկ տարի առաջ հայ-թուրքական կինոպլատֆորմը գաղափար էր, որը ԱՄՆ դեսպանատանը դուր եկավ և որոշեցինք աջակցել գաղափարին: Արդյունքները լավ չէինք պատկերացնում, բայց արդեն տեսանելի են դրանք: Թե' Հայաստանը, թե' Թուրքիան կինոարտադրության ոլորտում հարուստ պատմություն ունեն, և, կարծում եմ, որ ջանքերը համադրելով` արդյունքում կստացվի հետաքրքիր արտադրություն»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց