Հայկական քանոնը  ներկայացվել է Աբու Դաբիի երաժշտության և արվեստի համաշխարհային փառատոնին

15:41 04/05/2010 » Մշակույթ

Հայկական քանոնը ներկայացվել է Աբու Դաբիի երաժշտության և արվեստի համաշխարհային փառատոնին

Աբու Դաբիում անցկացված երաժշտության և արվեստի համաշխարհային փառատոնին Հայաստանից մենահամերգով հանդես է եկել քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, ում նվագակցել է «Կամերտոն» կամերային նվագախումբը: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը:

Նշենք, որ փառատոնը անցկացվել է մարտի 20-ից- ապրիլի 7-ը: Հասմիկ Լեյլոյանի մենահամերգը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Աբու Դաբիի «էմիրատ» պալատում: Նա հայտնեց, որ իր համերգը բաղկացած է եղել 2 բաժնից, որտեղ հնչել են հայ և արևմտաեվրոպական դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային ստեղծագործություններ, ինչպես նաև հայկական ժողովրդական ստեղծագործություններ:

Հասմիկ Լեյլոյանը հայտնեց, որ Աբու Դաբիի համաշխարհային երաժշտական փառատոնին մասնակցել են Քշիշտոֆ Պենդերեցկին ու Լեհաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանից «Մեծ թատրոնի» և «Մարինսկի» թատրոնի բալետի մենակատարները, ինչպես նաև մի շարք այլ երկրներից` ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Իտալիայից ժամանած տարբեր կատարողներ:

Հասմիկ Լեյլոյանը նշեց, որ իրեն այս փառատոնին որպես հյուր ներկայանալու համար հրավիրել էր օպերային երգչուհի, կոմպոզիտոր Հիբա Ալ Կավազը:

«Սակայն արդեն Արաբական Միացյալ էմիրություններում փառատոնի կազմակերպիչները լսելով իմ ձայնագրությունները, որոշել էին, որ ես փառատոնին ներկայանամ մենահամերգով: Երբ ինձ տեղեկացրին այդ որոշման մասին, ես էլ Հայաստանից հրավիրեցի «Կամերտոն» կամերային նվագախմբին` մենահամերգին ինձ նվագակցելու համար»,- պատմեց նա:


Հասմիկ Լեյլոյանը նշեց, որ այս հրավերի առանձնահատկությունը նրանում էր, որ այն եղել օտարազգի երգչուհու կողմից, որն էլ վկայում է, որ մեր երաժշտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա օտար երկրներում: Նրա խոսքով, հայկական կողմի ընդունելությունը շատ բարձր մակարդակով է կազմակերպված եղել:

«Ես շատ տպավորված եմ, քանի որ համերգից հետո ինձ էին մոտենում տարբեր ազգերի ներկայացուցիչներ և շնորհակալություն էին հայտնում կատարումների համար»,- ասաց նա:

«Կամերտոն» կամերային նվագախումբի գեղարվեստական ղեկավար Լիանա Խանդկարյանը հայտնեց, որ փառատոնից հետո հրավերներ են եղել համերգային նույն ծրագրով հանդես գալ Սիրիայում և Լիբանանում, սակայն դեռ ամսաթվերը ճշտված չեն:

Հասմիկ Լեյլոյանն էլ հայտնեց, որ օպերային երգչուհի, կոմպոզիտոր Հիբա Ալ Կավազը ցանկություն է հայտնել իր և «Կամերտոն» կամերային նվագախումբի հետ միասին ձայնագրություններ կատարել և ձայնասկավառակ թողարկել:

«Ինձ համար այս փառատոնին մասնակցելը կարևոր էր նրա համար, որ ես ևս մեկ անգամ կարողացա տարբեր ազգերի ներկայացուցիչներին ներկայացնել հայկական քանոնը, հայ կոմպոզիտրոների դասական ստեղծագործությունները: Բացի այդ, ինձ համար շատ ոգևորիչ էր նաև այն, որ ես համերգի ժամանակ փառատոնի կազմակերպիչների կողմից ստացա հատուկ մեդալ»,- ասաց Հասմիկ Լեյլոյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց