18:05 03/09/2010 » Մշակույթ

Երևանում կանցկացվի Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողով

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին Երևանում կմեկնարկի «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» խորագիրը կրող կերպարվեստի գործիչների երկօրյա համահայկական համաժողովը: Նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, միջոցառմանը կմասնակցի 158 արվեստագետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Կանադայից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդների Թագավորությունից, Չեխիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Արցախից և Հայաստանից:

Համաժողովը կազմակերպվել է ներկայացուցչական սկզբունքով ըստ տարածաշրջանների և երկրների: Նպատակն է վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության և ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները և ստեղծել համահայկական մասնագիտական ընկերակցություն:

Սեպտեմբերի 6-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, այնուհետև կմասնակցեն «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդեսի բացմանը:

Սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մասնաշենքում կմեկնարկի համաժողովը:

Բացման խոսքով համդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մասնակիցներին կողջունեն ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Սեպտեմբերի 8-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից կկազմակերպվի ընդունելություն:

 

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց