Վարչապետն Արթիկում մասնակցել է մշակույթի տան բացմանը

16:23 07/09/2010 » Մշակույթ

Վարչապետն Արթիկում մասնակցել է մշակույթի տան բացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Արթիկ, որտեղ մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։ Մշակույթի օջախի բացման արարողությունից առաջ վարչապետը կենտրոնի հարակից տարածքում եղևնի է տնկել։ Մշակույթի տան մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը ջերմորեն շնորհավորել է արթիկցիներին, ապա շրջել նորակառույց շենքում։ Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` կառավարության ղեկավարը նշել է. «Մշակույթի տանը գործող սրահները, դասասենյակները հնարավորություն կտան միջոցառումներն անցկացնել բարձր մակարդակով։ Դա խթան կհանդիսանա, որ Արթիկում բարձրանա նոր մշակութային ալիք։ Սա բխում է նաև համայնքների համաչափ զարգացման ծրագրից։ Մշակույթը Երևանից պետք է տեղափոխվի նաև մարզեր»։

Արթիկի մշակույթի տան կառուցման աշխատանքներն իրականացվել են անվանի նկարիչ և քանդակագործ Վարազ Սամուելյանի կտակի համաձայն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված 550քմ. ընդհանուր մակերեսով մշակույթի տան առաջին հարկում գտնվում են հանդիսությունների սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի և երաժշտական խմբակների դասարանները։

Վարազ Սամուելյանը ծնվել է Երևանում` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում և տեղափոխվել է ԱՄՆ Հայրենական Մեծ պատերազմից հետո (1946թ.), որտեղ և կայացել է որպես նկարիչ ու քանդակագործ։ Ֆրեզնոյում գտնվող նրա հեղինակած Սասունցի Դավթի բրոնզաձույլ արձանը ԱՄՆ-ում հայ ինքնության ամենախոսուն խորհրդանիշերից է։

 


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց