15:51 09/09/2010 » Մշակույթ

«Հայաստանի կանգնեցված պահեր». Լուսանկարիչների նոր մոտեցումները

Այսօր Երևանի պետական համալսարանում բացվեց մի շարք միջազգային մրցույթների մասնակիցներ Աշոտ Պողոսյանի և Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Հայաստանի կանգնեցված պահեր» խորագրով:

Հեղինակները ցուցահանդեսում ներկայացրել են իրենց վերջին ամիսներին արված լավագույն լուսանկարները` Հայաստանի և Արցախի տեսարժան ու պատմամշակութային վայրերի, ինչպես նաև հայրենի բնության բացառիկ պահերի պատկերներով:

Այս ցուցահանդեսը իրականացվում է ԵՊՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ: Ա. Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը աշխարհում հանրահռչակելը պետք է դառնա յուրաքանչյուր հայ արվեստագետի գլխավոր նպատակը: «Ցավալի է, որ հայ երիտասարդ լուսանկարիչների մի ստվար զանգված տեսնում է իր մասնագիտական առաջընթացը միայն մերկ կամ լավագույն դեպքում, կիսամերկ աղջիկներին լուսանկարելու միջոցով»,- նկատեց նկարիչը:

Իսկ Ռ. Բաղդիշյանն իր հերթին ասաց, որ իր լուսանկարներում փորձում է Հայաստանի հանրահայտ վայրերը ներկայացնել նորովի: Նա նկատեց, որ մանրուքները ֆոտոնկարչության մեջ ունեն գերակայող նշանակություն: «Նկարելիս փորձում եմ առաջին պլան բերել այդ մանրուքները, որոնք հիմնականում մնում են թաքնված անուշադիր հայացքներից»,- ասաց Բաղդիշյանը:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ հեղինակներին շնորհավորեց լ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Նշենք, որ ԵՊՀ-ում ցուցահանդեսի ցուցադրությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 16-ը, իսկ հետագայում այն կանցկացվի այլ բուհերում, դպրոցներում և գյուղական մշակութային կենտրոններում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց