Բարեգործական համերգ. հասույթը` «Զատիկ» և Խարբերդի մանկատներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո, մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյանի անվան Պետական Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում տեղի կունենա բարեգործական «Արևելք –Հայաստան» մշակութային երեկո, որի նպատակն է աջակցել Երևանի «Զատիկ» և Խարբերդի մանկատներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսիսյանը: Բանախոսը նաև նշեց, որ միջոցառմանը գլխավոր աջակիցներն են Հնդկաստանի և Սիրիայի դեսպանատները:
«Համերգը ունի և բարեգործական բնույթ, և կարևոր մշակութային նշանակություն, քանի որ միջոցառումը կամուրջ է լինելու Հայաստանի և Արևելյան երկրների միջև»,- շեշտեց Բ. Մովսիսյանը:
2 ժամ տևողությամբ բարեգործական երեկոյի մասնակիցներն են լինելու հայազգի սկսնակ երգիչներն ու պարային խմբերը, արևելյան երկրները ներկայացնող մշակութային համույթները: Միջոցառմանը մասնակում են Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սաները, «Մուշ» և «Արմեններ» հայկական ազգագրական պարային համույթները, «Վիկտորի» պարային համույթը», Իրանի էստրադային երգիչներ:
Կենդանի կատարմամբ կհնչի հայկական, չինական, ճապոնական, հնդկական, արաբական և պարսկական երաժշտություն: Իսկ Սիրիայի և Հնդկաստանի դեսպանները խոստացել են դեսպանատան կողմից հանգանակություն տրամադրել Խարբերդի և Զատիկ մանկատների համար: Երեկոյի մասնակիցները նույնպես կարող են մասնակցել բարեգործական դրամահավաքին:
Բ. Մովսիսյանը շեշտեց, որ միջոցառմանը ներկա գտնվելու համար Խարբերդի և Զատիկ մանկատների երեխաներին քաղաքապետարանը տրամադրել ավտոբուսներ:
Համերգից հետո, հանգանակությունների արկղիկը, ըստ Բ. Մովսիսյանի, բացվելու է լրագրողների ներկայությամբ ու հանգանակությունը փոխանցվելու է հասցեատերերին: