Մշակույթի նախարարությունը գերակա չորս ուղղություն է առանձնացրել այս տարվա համար

13:57 06/02/2012 » Մշակույթ

Մշակույթի նախարարությունը գերակա չորս ուղղություն է առանձնացրել այս տարվա համար

ՀՀ մշակույթի նախարարությունն այս տարվա համար գերակա չորս ուղղություն է առանձնացրել: Այս մասին ասուլիսում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Որպես առաջին ուղղություն նշեց Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումն ու իրականցումը, գրքի հաստատությունների` գրադարանների վերանորոգում, գրքարվեստի ու տառարվեստի զարգացում:

Երկրորդ ուղղությունը էլեկտրոնային ժամանակակից հասարակության պահանջարկի ապահովումն է տարբեր ոլորտներում` ցուցանմուշների տեղադրում առցանց, վիրտուալ թանգարանների բացում` գրքի ու գորգի, համերգային դահլիճների էլեկտրոնային սպասարկում, որի մեջ ներդրվելու է էլեկտրոնային տոմսերի վաճառք, ՀՀ բոլոր մշակույթի կենտրոններում իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն:

Գերակա ուղղություններից է նաև մշակույթի կենտրոնների վերանորոգումն ու դրանից հետո ցուցահանդեսների բացումը: Տարվա ընթացքում իրականցվելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերակառուցումը, ինչպես նաև մի քանի տուն-թանգարանների վերանորոգում ու նոր ցուցահանդեսների բացում:

Մշակույթի նախարարության որդեգրած հաջորդ ուղղությունը պետություն-մասնավոր հատված համագործակցությունն է հուշարձանների պահպանության հարցում: Այս տարվա ընթացքում հուշարձանների վերանորոգման 7 ծրագիր է իրականացվելու: Նման ծրագրերի իրականացման գործում պետության բաժինը լինելու է նախագծումն ու տեխնիկական փաթեթի կազմումը, այնուհետև արդեն մասնավոր հատվածին կփոխանցեն գործի շարունակությունը: «Հուշարձանների պահպանության ոլորտում այս տարի մեզ համար կարևոր խնդիր է շարունակում մնալ Սանահինի վանական համալիրի հարցը: Այս տարի կմեկնարկի նաև Սանահինի վանքի խնդրահարույց հատվածի վերանորոգումը, որը նաև վարչապետի հանձնարարականն էր»,- ասաց Հ. Պողոսյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց