«Սասունցի Դավիթ» էպոսյան թեմայով մշակութային արժեքները` Գաֆեսճյան կենտրոնում

10:30 22/04/2012 » Մշակույթ

«Սասունցի Դավիթ» էպոսյան թեմայով մշակութային արժեքները` Գաֆեսճյան կենտրոնում

«ArmBookExpo» ցուցահանդեսի օրերին Գաֆեսճյան թանգարանի «Արծիվ» սրահում ներկայացվում է «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով ստեղծագործություններն ու հրատարակությունները: Միասնաբար ցուցադրվում են տարբեր թանգարաններում պահվող էպոսյան թեմայով մշակութային արեժեքները` հնարավորություն ընձեռելով այցելուին ամբողջության մեջ տեսնելու հայ վիպերգության գլուխգործոց էպոսը արվեստի տարբեր ճյուղերում:
Ի դեպ, նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. ցանկում ներառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի հայտը, որի քննարկումները կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերին:

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսն իր մեջ ներառում է ազգային մշակույթի գրեթե բոլոր բնագավառները, այն պարունակում է ազգային խորհրդանշանների մի ամբողջ համակարգ: Էպոսը ներշնչման աղբյուր է ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար: Չկա արվեստի մի ուղղություն, որով ստեղծված չլինեն էպոսի թեմայով ստեղծագործություններ:

Կերպարվեստում առավել հայտնի ստեղծագործություններից են Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը (Երևանի երկաթուղային կայարանի հրապարակ), Վարազ Սամվելյանի «Սասունցի Դավիթ» արձանը (ԱՄՆ, Ֆրեզնո) Արտաշես Հովսեփյանի բարձրաքանդակները (Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարան), Էդվարդ Իսաբեկյանի էպոսյան նկարաշարերը, «Սասնա ծռեր» էպոսի հրատարակությունների պատկերազարդումները` Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» բազմամաս ու բազմաֆիգուր գրաֆիկական ստեղծագործությունը, Գրիգոր Խանջյանի Ավետիք Իսահակյանի «Սասնա Մհեր» պոեմի նկարազարդումները, Կարեն Սմբատյանի էպոսյան նկարազարդումները, Ռուբեն Շահվերդյանի «Սասունցի Դավիթ» գորգի էսքիզը և այլն:

Էպոսի թեման արտացոլվել ու այսօր էլ արդիական է պետական խորհրդանիշներում` հատկապես դրամների: Դրանց թվում է Սասունցի Դավթի հուշարձանի պատկերով ԽՍՀՄ հուշամետաղադրամը (1959 թ.), ՀՀ 10 դրամանոցը, «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամը:

Մանկական ստեղծագործություններում էպոսյան թեման տարածում է գտել 2004 թվականից: Ներկայում Մանկական գեղագիտական կենտրոնի պատկերասրահում են պահվում «Սասնա Ծռեր» խորագրով` բատիկա եղանակով խեցեգործական, գեղանկարչական և այլ մանկական ստեղծագործություններ:

Գրականության ոսկե գանձարանում են Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը», Ավետիք Իսահակյանի «Սասնա Մհերը», Նաիրի Զարյանի և Եղիշե Չարենցի «Սասուցի Դավիթը» էպոսյան մշակումները: Դրամատիկական արվեստում առավել հայտնի է Արշավիր Ղազարյանի «Սասնա Մհեր» դրաման:

Երաժշտարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը:

Կինոարվեստում էպոսին անդրադարձել են ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը իր «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմով, Արման Մանարյանը` «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմով:

Գրահրատարակչության մեջ թեման մշտապես արդիական է: «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ»» էպոսը հրատարակվել է ոչ միայն հայերեն, այլև աշխարհի տասնյակ լեզուներով:

Կատարողական արվեստում այն հնչել է հայ անվանի վարպետներ Հայրիկ Մուրադյանի, Ժան Էլոյանի, Սուրեն Քոչարյանի, ներկայում` Անդրանիկ Հարությունյանի, Կարին ավանդական երգի-պարի անսամբլի մենակատար Արտյոմ Ղարիբյանի և այլոց կատարմամբ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց