Բացվել է լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսը

10:01 22/06/2012 » Մշակույթ

Բացվել է լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսը

ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում կայացել է լիբանանահայ տաղանդաշատ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից:

Արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, անվանի քանդակագործներ, ճարտարապետներ, պաշտոնատար անձինք:

Ներկաներին ողջունել և ցուցահանդեսի բացումն ազդարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Զավեն Խտըշյան անունը շատ հայտնի է Մերձավոր Արևելքում, Ֆրանսիայում, հայ համայնքներում, սակայն նա առաջին անգամ է Հայաստանում և հանդես է գալիս ցուցադրությամբ»,-նշել է Հ.Հակոբյանը:

Հ.Հակոբյանը Զավեն Խտըշյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար:

Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ., Բեյրութում: Մասնագիտական կրթությունը ստացել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում և Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցում:

Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը` Լիբանանում, Գարեգին Նժդեհի և Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրիները, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում:

Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է:

1976թ. Ֆրանսիայի հանրահայտ «Larousse» հրատարակչությունը լույս է ընծայել «L’art et le monde moderne»` «Արվեստը և արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է Զավեն Խտըշյանի անունը:

2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց