«Սիրո կամուրջ» մյուզիքլ՝ նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300- ամյակին
Սայաթ-Նովայի ծննդյան 300- ամյակին նվիրված դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացնեն «Սիրո կամուրջ» մյուզիքլը: Այս մասին ասուլիսում հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մյուզիքլի ստեղծման նախագծի վրա աշխատում է «Արտ Թիմ» ընկերությունը և «Շարմ» հոլդինգը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Նախագծի հեղինակների դիտարկումներով, «Սիրո կամուրջը» ժամանակակից հայկական մյուզիքլի զարգացմանը միտված նախաձեռնություն է: Մյուզիքլում միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը, պարը, ինչն ավելի տպավորիչ ու ներկայանալի է դարձնում ասելիքը: Այն պատմություն է մերօրյա երիտասարդների մասին. սեր, խարդավանք, հիասթափություն, բերկրանք… Տարբեր խառնվածքի ու բնավորության երիտասարդներ, յուրաքանչյուրն իր երազանքներով, բոլորն էլ հավակնոտ և պատրաստ պայքարելու հաղթանակի համար: Այս բոլոր հույզերը արտահայտվում են երգերի կենդանի կատարումներով և պարարվեստի միջոցով:
Մյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է, ով ցանկանում է հաղթել երաժշտական մրցույթում և վայելել հաղթանակի և սիրո բերկրանքը: Սակայն երազանքների իրագործման ճանապարհին բախվում է կյանքի անարդարություններին և թևաթափ լինում… Մտորումների խաչուղիներում նա ծանոթանում է թափառական աշուղի հետ: Վարպետը օգնում է հերոսին ըմբռնել երաժշտության ոգին և ծանոթացնում աշուղական արվեստի նրբություններին, ինչի շնորհիվ էլ երիտասարդը մասնակցում է մրցույթին ոչ թե կիթառով, այլ՝ թառով: Մյուզիքլի լեյտմոտիվը «կամուրջն» է անցյալի ու ներկայի միջև՝ մերօրյա երաժշտական աշխարհ է բերվում երբեմնի «սայաթնովյան» երաժշտությունը, որը լի է սիրով ու ազնվությամբ: Մյուզիքլի վերջում ժամանակակից գործիքավորմամբ հնչում է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» ստեղծագործությունը:
Նախագծի շրջանակում կթողարկվի նաև Սայաթ-Նովայի ստեղծագործությունների 2 ձայնասկավառակ /CD/՝ դասական և ժամանակակից մշակումներով:
«Սիրո կամուրջ» մյուզիքլի բեմադրող ռեժիսորն է Վահան Բադալյանը, բեմադրող պարուսույցը՝ Վալերի Արխիպովը, բեմական ձևավորումը Դավիթ Մինասյանինն է: Մյուզիքլի համար գրվել է նոր երաժշտություն, որի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Էմմա Ասատրյանը: Խոսքերը հեղինակել են Անիտա Հախվերդյանը, Էմմա Ասատրյանը, Գրիգոր Կյոկչյանը, Քրիստ Մանարյանը, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի և Մարտին Միրզոյանի:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները