Հայ արվեստագետներն աշխատել ու ցուցադրվել են Տալլինում
Հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը մեկ ամիս շարունակ աշխատել են Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի երկու արվեստանոցներում, ստեղծել աշխատանքներ, որոնք ապրիլի 10-ից ցուցադրվում են Էստոնիայի Ազգային գրադարանում: Ցուցահանդեսը կրել է «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյան, Արման Վահանյան և Տիգրան Կիրակոսյան Տալլինում» խորագիրը: Այս մասին ասուլիսում ասաց «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը:
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ինչպես նաև Էստոնիայի կառավարության մշակութային հիմնադրամի աջակցությամբ, Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի հետ համագործակցությամբ:
Արվեստագետներից Տիգրան Սահակյանն ու Արման Վահանյանը ցուցադրել են հինգ աշխատանք՝ օքսեֆ լիտոգրաֆիայի տեխնիկայով, իսկ Տիգրան Կիրակոսյանը՝ վեց աշխատանք մենատիպի տեխնիկայով:
«Այս ցուցահանդեսը կարևոր նշանակություն ունի, քանի որ, ինչպես վկայում էր գրադարանի տնօրինությունը, այդ կառույցում առաջին անգամ ներկայացվեց հայ ժամանակակից արվեստը»,- ասաց Ս. Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ այդ ցուցադրության միջոցով Տալլինի արվեստասեր հանրության գրեթե կեսը առաջին անգամ ծանոթացան հայ ժամանակից արվեստին:
Արվեստագետներից Տիգրան Կիրակոսյանն ասաց, որ Տալլին այցելությունը, այնտեղ աշխատելն ու ցուցադրվելը ոչ միայն աշխատանքային մեծ նշանություն ունեցավ, այլ նաև ճանաչողական էր:
«Այդ մեկ ամիսը նաև ինքնաճանաչման կարևոր շրջան էր. հետաքրքիր էր, քանի որ քո հայրենիքից դուրս ասելիքի, մտածողության առումով բացահայտումներ ես անում հենց քո մեջ, որն արտահայտվում է արվեստում: Պարզ երևույթները՝ արևն այլ կերպ է լուսավորում, քամին ավելի ուժեղ է սուլում, ջերմաստիճանն ավելի ցածր է, ազդում են քո մտքի, տրամադրության վրա: Երեքիս համար էլ շատ հետաքրքիր էր աշխատանքային պրոցեսը»,- նշեց արվեստագետը:
Ցուցահանդեը կշարունակվի մինչև մայիսի 3-ը:
Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն այս տարվա աշնանը Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայի անդամներն այցելելու են Հայաստան՝ ներկայացնելով իրենց արվեստը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին