Պատմական գերեզմանոցների պահպանության հետ կապված խնդիրներ են առաջացել. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
Հանրապետության տարբեր մարզերում (Կոտայքի, Արարատի, Արմավիրի) խնդիրներ են առաջանում պատմական գերեզմանոցների տարածքներում բնակչության կողմից նոր հուղարկավորություններ կատարելու առնչությամբ: Այս մասին Panorama.am-ին ասաց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:
Նա մասնավորապես առանձնացրեց Կոտայքի մարզի Առինջ համայնքի գերեզմանոցը, քանի որ վերջին շրջանում սոցցանցերում տեղեկատվության տարածվեց ու լուսանկարներ հրապարակվեց Առինջի միջնադարյան գերեզմանոցի, որը հարուստ է բազմաթիվ բացառիկ խաչքարերով, անմխիթար վիճակի մասին:
Մ. Ավանեսյանի խոսքով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի կողմից այս տարվա ապրիլի 10-ին հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրվել է նոր գերեզմանոցի պարսպապատում, տարածքում տնտեսական աղբի կուտակում: Խնդրի լուծման համար ծառայության պետը գրավոր դիմել է ոստիկանություն, հանդիպել` Առինջ համայնքի ղեկավարի հետ:
Ըստ նրա, հուղարկավորության ևս մի դեպք արձանագրվել էր 2013 թ. սեպտեմբերին, ինչի մասին մարզային ծառայության պետը գրավոր ահազանգել է Առինջ համայնքի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին` խնդրելով միջոցներ ձեռնարկել նոր հուղարկավորությունները կանխելու համար:
«Ոստիկանությունից տեղեկացրել են, թե քաղաքացիների խոսքով, հուղարկավորությունները կատարվել են ընտանեկան գերեզմանոցում: Ոստիկանության կողմից դա չի դիտվել որպես ապօրինի հողազավթում»,- ասաց Մ. Ավանեսյանը՝ հավելելով, որ Առինջի գերեզմանոցի տարածքում կատարվող նոր հուղարկավորությունների վերաբերյալ հարցը նոր չէ, այն բարձրաձայնվել է դեռևս 2011 թ-ից:
Առինջի գերեզմանոցի պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատվել է 2011 թ. նոյեմբերի 18-ին:
«ՀՀ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է ՏԻՄ մարմինների իրավասությունը, որով մասնավորապես ՏԻՄ մարմիններն աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի և դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին»,- օրենքից մեջբերում արեց Մ. Ավանեսյանը:
Նախորդիվ՝
Մեծությամբ երկրորդ՝ միջնադարյան խաչքարային դաշտն ավերվում է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները