«Ոսկե ծիրան» փառատոնի հայտերի ընդունման վերջնաժամկետը հետաձգվել է
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը հայտերի ընդունման վերջնաժամկետը հետաձգել է մինչև ապրիլի 22-ը՝ առաջ եկած տեխնիկական բարդությունների պատճառով: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարել էր, որ ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
Ս. Հարությունյանի խոսքով, այս տարի հայտերի գրանցումն եղել է առ-ցանց, սակայն տեխնիկական խնդիրներ են առաջացել հատկապես վերջին օրը՝ ապրիլի 15-ին. «Այդ օրը շատ են եղել գրանցվողները, այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել, ծանրաբեռնված է եղել ու ոչ բոլորի հայտերն են տեղ հասել: Շատ են դիմել մեզ, խնդրել են հայտերի գրանցման ժամկետը երկարաձգել: Փառատոնին մասնակցել ցանկացողները ուղարկել են DVD-ները, նյութերը, բայց հայտը չեն լրացել կամ լրացրած հայտը մեզ չի հասել: Մենք որոշում կայացրեցին երկարաձգել վերջնաժամկետը»:
Ըստ նրա, առաջին տարին է, որ հայտերի գրանցումը առ-ցանց է: Ս. Հարությունյանն ասաց, որ այս տարի բավականին շատ են հայտերը. արդեն 1200-ից ավելի հայտ են ստացել:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 13-20-ը: Փառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Դիտելով փառատոնը որպես մշակութային խաչմերուկ, կազմակերպիչները ցանկանում են, որ այստեղ հանդիպեն տարբեր էթնիկ, ազգային, կրոնական, գեղագիտական պատկանելության ռեժիսորներ ու ֆիլմեր՝ ուրույն տեսանկյունից պատմելով սովորական մարդկանց առօրյա կյանքի, հոգսերի ու ուրախությունների, կենցաղի ու նիստուկացի, հավատի ու հուսահատության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին