Առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան-Բէօմ» պատարագը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը` ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի: Առաջին անգամ Հայաստանում կհնչի Վիեննայի Մխիթարյան վանքի «Այտընեան-Բէօմ» պատարագը: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի մամուլի ծառայությունից:
Արսեն Այտընեանը (1825թ., Կ. Պոլիս -1902թ., Վիեննա) ծանոթ է հայագիտական շրջանակներում որպես մեծ հայագետ և հայտնի է գրաբարի և աշխարհաբարի հոյակապ աշխատություններով: Բազմաթիվ հայագիտական աշխատանքների, հայերեն տառատեսակների և զարդագրերի հեղինակ է, և հայտնի է իր հոյակապ հայատառ մեծ աշխարհագնդով, (գլոբուս), որը այսօր Վիեննայի Մխրթարյան միաբանության մատենադարանի զարդն է համարվում:
Բացի այդ նա օժտված էր բազմաթիվ տաղանդներով: Ծնված լինելով Պոլսում` կրթություն է ստացել տեղի Մխիթարյան վարժարանում, այնուհետ կրթությունը շարունակել է Վիեննայի Մխիթարյան վանքում: Տիրապետել է բազմաթիվ լեզուների, զբաղվել է աստղագիտությամբ, երաժշտությամբ և նկարչությամբ: 1845թ.-ին, 22 տարեկանում օծվել է կուսակրոն քահանա Մխիթարյան միաբանությունում, իսկ 1886թ.-ին ստացել է արքեպիսկոպոսական օծում:
Այտընեանը Վիեննայի վանքում հնչեցրած պատարագները մշակել է եվրոպական նոտագրությամբ, այնուհետ Վայսի օգնությամբ վերածել խառը երգչախմբի համար քառաձայնի: Ավելի ուշ Յոզեֆ Բէօմը ավելացրել է նվագախմբի բաժինը ՝ լարային, փողային և հարվածային գործիքներով:
Երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ այս պատարագը առաջին անգամ կատարվել է 1887-ին Այտընեանի եպիսկոպոսական օծման առթիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ