ՀԱՊ-ում բացվելու է իտալացի արվեստագետ Բրունո Բրունիի ստեղծագործությունների ցուցահանդեսը (լուսանկարներ)
Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 26-ին բացվելու է իտալացի լիտոգրաֆ, գրաֆիկ, նկարիչ, քանդակագործ Բրունո Բրունիի (1935 թվական) ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից: Ցուցահանդեսի բացմանը ներկա է լինելու նաև Բրունո Բրունին: Մեզ հետ զրույցում նաև ասացին, որ Ազգային պատկերասրահի հավաքածուում չկա Բրունո Բրունիի աշխատանքներից, և ցուցադրվող գեղանկարները, քանդակները, լիտոգրաֆիական և գրաֆիկական աշխատանքները բերվել են Իտալիայից:
1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիտոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: 1977թ.-ին նա հաղթում է Լիտոգրաֆիայի Senefeld միջազգային մրցույթում: Սկզբնական շրջանում նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի էքսպրեսիոնիստները` Օտտո Դիքսը և Ջորջ Գրոսը, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետները: Բրունո Բրունին մասնավորապես այն քիչ լիտոգրաֆիստ արվեստագետներից մեկն է, ով «նկարում է ողջ աշխատանքը անմիջապես քարի վրա»:
Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը` հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով:
Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու և Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո: