Պերճ Զեյթունցյանը պարգևատրվել է սփյուռքի նախարարության հուշամեդալով
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ նախօրեին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է մեծանուն գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն, որին մասնակցում էին պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ, տեղեկացնում են սփյուռքի նախարարության մամուլի բաժնից:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Արժևորելով և բարձր գնահատելով գրողի ներդրումը հայ գրականության ու մշակույթի զարգացման գործում` Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է.
«Դուք Ձեր ստեղծագործությամբ և նկարագրով դարձել եք մի կենդանի ջահ, որ լուսավորում ու իր հետևից տանում է գրականության ճամփան բռնած նոր սերունդներին: Անգերազանցելի է Ձեր հրապարակախոսության դերը նոր սերունդների ազգային դիմագծի ձևավորման գործում: Ընդամենը մեկ օրից հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Այս երեկոն խորհրդանշական է նրանով, որ շուրջ կես դար Ձեր ստեղծագործություններով թույլ չեք տվել, որ «ժանգոտվի մարդկության հիշողությունը»:
Նախարարի Պաշտոնակատար Հրանուշ հակոբյանը Մեծ գրողին պարգևատրել է ՀՀ Սփյուռքի նախարարության հուշամեդալով:
Մեծարման երեկոյի ընթացքում ներկայացվել է Պերճ Զեյթունցյանի անցած ստեղծագործական ուղին, տեսաշարով ցուցադրվել են հատվածներ, գրողի հարցազրույցներից, ինչպես նաև Արմեն Ջիգարխանյանի, Լևոն Անանյանի, Արմեն Խանդիկյանի, գրողի դստեր` Զարմինե Զեյթունցյանի գնահատանքի խոսքերը:
Ներկայացվեց մի դրվագ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիսե դրամայից» (բեմադրիչ Տիգրան Գասպարյան, Սողոմոն Թեյլերյանի դերում` Տիգրան Ներսիսյան):
Իրենց կատարումներով Պերճ Զեյթունցյանին հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի անվան պետական քառյակը, Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ», ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ