Ծիծեռնակաբերդը մարմնավորում է ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը
Խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը:
1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Մեծ Եղեռնի 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր են կազմակերպվել Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում: Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում է կայացրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ: Այստեղ անգնահատելի է եղել հատկապես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի կատարած աշխատանքը, ով ջանք չի խնայել Մոսկվային համոզելու դրա անհրաժեշտության մասին:
Մինչև հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր այցելելով Կոմիտասի անվան պանթեոն:
1965թ. ապրիլին հայտարարվել է համազգային մրցույթ` կոթողի լավագույն նախագծի համար: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»:
Մրցույթին մասնակցել են ինչպես տեղացի, այնպես էլ սփյուռքահայ ճարտարապետների հեղինակած 69 նախագծեր` («Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» և այլ ծածկագրերով): Ընտրվել է «ՀՍՍՌ Դրոշակ» ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը: Ճարտարապետներից յուրաքանչյուրը պարգևատրվել է 100-ական ռուբլով: Կառույցի վայրն ընտրել էին հեղինակները: Շինարարության ժամանակ բազալտե հիմքի մեջ հայտնաբերվել են բրոնզեդարյան մշակույթի առարկաներ: Շինարարության ֆինանսավորումը կազմեց 400 հազար ռուբլի, կառուցում էր «Երքիմշինտրեստը », անմիջական ղեկավարն էր շինարար Արտավազդ Օրդուխանյանը:
Կոթողի բացումը, որը տեղի է ունեցել 1967թ. նոյեմբերի 29-ին, վերածվել է քաղաքական, մշակութային խոշոր իրադարձության:
Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:
Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։
Իսկ 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Մեկ այլ տեսակետի համաձայն` դրանք խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ հիմնականում տեղի է ունեցել կոտորածը:
1996թ-ից Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության: Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս XV-ը, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն: 1988-1990թթ. Հայոց Մեծ Եղեռնի Հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվել են խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի:
1995թ. Մեծ Եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան): Այսօր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գործում է որպես գիտահետազոտական կենտրոն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համակարգում: