Արմեն Խանդիկյանի բեմադրած «Հուլիոս Կեսար» ներկայացումը մասնակցել է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը «Հուլիոս Կեսար» ներկայացումով (բեմադրությունը` ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր` Արմեն Խանդիկյան) մասնակցել է Ռումինիայի Կրայովո քաղաքի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերագետների միությունից:
Փառատոնը ամենահեղինակավորներից մեկն է Եվրոպայում և ունի 20 տարվա պատմություն: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ` ընդգրկելով աշխարհի լավագույն շեքսպիրյան ներկայացումները: Այս տարի փառատոնի ծրագրում տեղ էին գտել այնպիսի հանրահայտ բեմադրիչների աշխատանքներ ինչպիսիք են` Սիլվիո Պուրկարետեն, Էդվար Հոլը, Դեկլան Դոնելլանը, Յուրի Բուտուսովը, Օսկարաս Կորշունովասը, Յանուշ Վիշնևսկին և այլոք:
Ըստ ծրագրի, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումը ցուցադրվել է Կրայովո և Թարգու-ջյու քաղաքներում:
Փառատոնը կայացել է ապրիլի 23-ից մայիսի 2-ը: