Թավջութակը Նարեկացիում
Նարեկացի Արվեստի Միությունում կայացել է թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանի մենահամերգը ՝ Անահիտ Դիլբարյանի դաշնամուրային ուղեկցությամբ: Համերգի մասին հայտնում են կենտրոնից:
Համերգային ծրագրում հնչել են Յո. Ս. Բախի (Սյուիտ No5, Sarabande,Gigue ), Գ. Լիգետիի(Սոլո Սոնատ), Դ. Պոպպերի (Էտյուդ No. 20, op.73, Էլֆերի պար, op.39), Պ. Ի. Չայկովսկու(Վարիացիաներ Ռոկոկո թեմայով), Զ. Կոդայի (Սոլո սոնատ, Առաջին մաս, op.8), Դ. Շոստակովիչի (Սոնատ , Ռե մինոր, op.40) նշանավոր ստեղծագործությունները:
«Գ. Լիգետիի Սոլո Սոնատը հունգարացի կոմպոզիտորի ամենահայտնի և նշանավոր գործերից մեկն է: Այն բաղկացած է երկու մասից՝ Dialogo և Capriccio: Dialogo –ն երկխոսություն է տղամարդու և կնոջ միջև, այն գրվել է Զոլտան Կոդայի մեծ ազդեցության ներքո հունգարական ազգային երաժշտության ոճով: Capriccio-ն միանգամայն այլ է, արվեստաբանները այս աշխատանքում հարգանքի տուրք են տեսնում Նիկոլո Պագանինիի սոլո ջութակի հանդեպ, որը Լիգետին սիրել է մանկուց: Այս ստեղծագործությունը շատ հագեցած է և՛ տեխնիկապես և՛ էմոցիոնալ դաշտով:
Պ. Ի. Չայկովսկու «Վարիացիաներ Ռոկոկո թեմայով» ստեղծագործության մասին տեղեկություն ենք ստանում Անատոլի Իլյիչին ուղղված նամակից, որտեղ նա նշում է, որ շատ աշխատանք է կուտակվել և այն փոխանցել է նշանավոր թավջութակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պորֆեսոր Ֆիտցենհագենին այն դետալների ճշտման համար, որոնք Չայկովսկին կոչում էր «հատուկ մեթոդական հատկություններ»: Ի դեպ, այս գործը Չայկովսկու կենդանության օրոք հազվադեպ է կատարվել:
Դ. Շոստակովիչն իր Սոնատն առանձնացեել է մյուսների շարքում, քանզի <<լեզվի մաքրության>> առումով այն համարել է լավագույն ձեռքբերումներից մեկը թավջութակի համար: Սոնատի դասական հորինվածքը պարունակում է հեղինակի անձնական և ամբողջական հայացքը աշխարհի նկատմամբ:
Ահա այսպիսի նուրբ և բովանդակալից ծրագրային ընտրություն էր կատարել բազմաթիվ միջազգային մրցույթներում մեծ հաջողություններ գրանցած Հասմիկ Վարդանյանը, ով վստահ է, որ թավջութակի հետ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, քանզի նպատակները շատ են, անելիքները` ևս:
Հայաստանյան և միջազգային բեմերը գրաված թավջութակահարուհու համար երաժշտությունը ապրելակերպ է, մեկ-մեկ դժկամությամբ է իրականություն վերադառնում, քանզի դեռ պետք է ոգեշնչվել, ինչն այնքան էլ հեշտ չէ, սակայն Հասմիկը գտել է ճիշտ ուղին. երաժիշտը պետք է առաջին հերթին ապրի իր ստեղծած աշխարհում »,- բացատրում են Նարեկացի արվեստի միությունից: