Ավետ Տերտերյանի 85-ամյակին նվիրված միջոցառմանը ցուցադրվելու է «Մնացյալը կյանքն էր…» տեսաֆիլմը
Նարեկացի արվեստի միությունում օգոստոսի 26-ին տեղի կունենա երեկո՝ նվիրված Ավետ Տերտերյանի 85- ամյակին: Երեկոյի ընթացքում կցուցադրվի webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության կողմից պատրաստած Ավետ Տերտերյան «Մնացյալը կյանքն էր…» տեսաֆիլմը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի կոմպոզիտորների միությունից:
Տեսաֆիլմում օգտագործված են եզակի կադրեր կոմպոզիտորի անձնական արխիվից, իսկ նկարահանումները կատարվել են Այրիվանում՝ նրա ձեռքով կառուցված տանը: Տերտերյանի մասին պատմում են նրա որդին՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը, Այրիվանի նրա հարևանները: Հնչում են հատվածներ Ավետ Տերտերյանի 60-ական թվականներին գրված երգերից, ինչպես նաև նրա հանրահայտ 3-րդ և 6-րդ սիմֆոնիաներից: Օգտագործված են նաև ՄՈԿՈ-ի կտավների վերատպությունները:
Ավետ (Ալֆրեդ) Տերտերյանը ծնվել է 1929 թ. Բաքվում: 1948 թ.–ին Տերտերյանը սկսում է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, իսկ 1951 թ.–ին տեղափոխվում է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան։ 1952–ին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985–ից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։ Տերտերյանը մահացել է 1994–ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Գրել է 8 սիմֆոնիա: Ավետ Տերտերյանը ստեղծել է 2 օպերա: Իր առաջին օպերայում՝ «Կրակե օղակում» և «Երկրաշարժ»: Տերտերյանը ստեղծել է մեկ բալետ Շեքսպիրյան «Ռիչարդ Գ» ողբերգության հիման վրա` «Ռիչարդ Երրորդի մենախոսությունները»:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան: «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: