Ժնևում կայանալիք Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին ներկա է լինելու Շառլ Ազնավուրը
Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ (տնօրեն Նորայր Նազարյան) սեպտեմբերի 3-12 հյուրախաղերով /8 համերգ/ հանդես կգա Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում: Հյուրախաղերի առաջին համերգը սեպտեմբերի 3-ին է` Գարժիլեսում (Ֆրանսիա):
Հավատարիմ մնալով իր ավանդույթներին, նվագախումբը համերգային ծրագրերում այս տարի էլ է ընդգրկել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Սեպտեմբերի 7-ին Ժնևի՝ Վիկտորիա Հոլում կայանալիք Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին, որն անց է կացվելու Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, ներկա է գտնվելու մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը: