Միջոցառումներ՝ նվիրված դպրոցականներին
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրքի և դպրության օրվա առիթով Հայաստանի ազգային գրադարանում կբացվի «Հայոց հին ու նոր այբբենարանները» խորագրով գրականության ցուցադրություն, որտեղ կներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններում հրատարակված հայոց այբբենարանները: Կտրվեն տեղեկություններ Աբգար Դպիր Թոխաթեցու կողմից 1567թ. Կ. Պոլսում հրատարակված հայերեն առաջին հնատիպ տպագիր այբբենարանի` «Փոքր քերականություն կամ այբբենարանի» վերաբերյալ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
Նույն օրը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կբացվի «Գիտելիքը ուժ է» խորագրով ցուցադրությունը: Կներկայացվեն գիտության տարբեր բնագավառներին նվիրված գրքեր:
Գրադարանում կներկայացվի նաև «Գիտության հաղթանակը» խորագրով թատերականացված բեմադրությունը: Կլինեն նաև գիտությանը նվիրված այլ անդրադարձներ` կրտսեր և միջին տարիքի դպրոցականների մասնակցությամբ:
Միջոցառումների կազմակերպիչը մշակույթի նախարարությունն է:
Միջոցառումների նպատակը նոր ուսումնական տարվա սկիզբը դպրոցականների համար տոն դարձնելը, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ