«Նիկոլը նիկոլավարի է նկարում». Նիկոլ Աղաբաբյանի ցուցահանդեսին ընդառաջ
«Հայկական հզոր գեղանկարչության մեջ բնությունը ծայրից ծայր հասկացող, ընկալող նկարիչ է Նիկոլ Աղաբաբյանը: Նիկոլի նկարչությունն ինքնատիպ է՝ նիկոլյան: Նիկոլը նիկոլավարի է նկարում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես ներկայացրեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին Նկարիչների միության անդամ Հրանտ Թադևոսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի (Նիկոլ) 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվում է մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: Ն. Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: 1992 թվականից նկարիչների միության անդամ է: Ունեցել է 60-ից ավելի անհատական ցուցահանդեսներ` Հայաստանում և արտերկրում: Հայ գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի վաստակի և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Նիկոլ Աղաբաբյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հ. Թադևոսյանի խոսքով, դժվար գտնվի մեկ այլ նկարիչ, ով այդքան բեղմնավոր է իր օրն անցկացնում. «Նրա արվեստին բնորոշ է առողջ դատողությունը, ժամանակակից մտածելակերեպը, գունագեղ, պարզ ու ջինջ գեղանկարչություն է ստեղծում: Քիչ են այն նկարիչները, ովքեր կարողանում են գույների նման համադրություն ներկայացնել, ոչ մի գույն մյուսի հետ չի խառնում»:
Ասուլիսին ներկա մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի խոսքով, ցանկացած արվեստագետ բացահայտում է ինքն իրեն նկարելով, գրելով. «Շեշտենք, որ Նիկոլը, բացահայտելով իր արվեստը, բացահայտում է իր մարդկային եսը, էությունը, որը բացառիկ պայծառ է, մաքուր»:
Ս. Գեղամյանը նշեց, որ Նիկոլը բազմաթիվ բարեգործական ցուցահանդեսներ է արել, մեծ ներդրում ունի Հայաստանի տարբեր վայրերում գտնվող եկեղեցիների վերականգնման գործում:
Ասուլիսին ներկա Նիկոլ Աղաբաբյանն ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել ցուցահանդեսին: Ներկայացված է լինելու 80 աշխատանք: Ցուցահանդեսը կշարունակվի տասը օր:
«Մեր երկիրը շատ լավն է, հրաշք երկիր է: Ուզում եմ, որ բոլորս շատ սիրենք մեր երկիրը, իրար»,- ասաց նա:
Նկարչի խոսքով, աշխարհի շատ երկրներում է ունեցել ցուցահանդեսներ, սակայն արտասահմանում իրեն հետաքրքրում է միայն մեկ բան՝ ցուցահանդեսը կազմակերպվի, նկարները վաճառվեն ու վերադառնա իր հայրենիք: Նա ցավով արձանագրեց, որ իր նկարների մեծ մասը դրսում են վաճառվել: Ցանկանում է, որ հայաստանցիների տներում կախված լինեն իր կտավները:
«Ժամանակը չի բավարարում, հարյուր անգամ ավելի կարելի է անել, անհրաժեշտ է անել: Յուրաքանչյուր արած դրական բան մի այլ դրական բան ավելացնում է»,- ասաց նկարիչը: