Ազնավուր. Տարիների ընթացքում իմ ձայնը քիչ է փոխվել...
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերին մեկ համերգով հանդես կգա Մոսկվայում:
«Անհամբեր սպասում եմ ռուս հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանը, ինչպես նաև Հայաստանը, Իտալիան և Իսպանիան, այն երկրներն են, որտեղի հանդիսատեսի հետ շփումն ինձ առանձնապես հաճելի է»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ազնավուրը:
Նա պատմել է, որ երբեք չի մոռանում 1963 թ. ԽՍՀՄ-ում տված իր համերգները. «Նախապես ծրագրված 30 երգից բացի կատարում էին մոտ 60 երգ, ծափահարությունները չէին դադարում»:
Շ. Ազնավուրն ասել է, որ Մոսվայում ներկայացնելու է իր դասական երգացանկից ստեղծագործություններ, չի անդրադառնալու նոր երգերին:
Բնավորության ինչ գծե՞ր է ժառանգել Ազնավուրը ֆրանսիացիներից, հայերից կամ ռուսներից. «Ինչպես հայերը, ես ամուր կառչած եմ բազմաթիվ բարոյական սկզբունքներին, պարկեշտության կանոններին: Ինչպես ֆրանսիացիները, ես սիրում եմ զրուցել, ինչպես ռուսները, ես սիրում եմ ուրախանալ: Նման խառնվածքն ինձ ամբողջությամբ բավարար է կյանքում»:
«Լավ առողջություն ունենալու համար պետք է գիշերը քնել: Ես տեքստեր գրում եմ ամեն օր, աշխատում եմ առավոտից իրիկուն: Առաջինը միշտ բառերն են միտքս գալիս, իսկ երաժշտությունը՝ ավելի ուշ: Եթե երաժշտությունը չի ստեղծվում, դիմում եմ կոմպոզիտորներին, և մենք միասին ավարտում ենք տեքստը»,- պատմել է արվեստագետը:
Նա նաև ասել է. «Տարիների ընթացքում իմ ձայնը քիչ է փոխվել, այն նույնն է, ուղղակի որոշակի շրջաններ են լինում, երբ այն մի քիչ ավելի լավն է կամ վատը»:
Ի՞նչ է անում Ազնավուրը, երբ չի երգում և երգեր չի ստեղծում. «Շատ դիտում է ֆիլմեր, այդ թվում նաև ռուսական և խորհրդային: Շատ կարդում է»:
«Շատ եմ սիրում կարդալ: Ես ինքնս էլ ներկա պահին վեպ եմ գրում՝ տառերի և տառատեսակների մասին: Գաղափարը շատ ինքնատիպ է: Բայց, պետք է խոստովանեմ, գրել գրական ստեղծագործություն լրիվ այլ է, գրել երգ՝ այլ բան: Վեպի վրա աշխատանքն ավելի բարդ է, քան երգ գրելը: Բառն ու ռիթմն ինձ մոտ ավելի արագ են գալիս: Բայց ես շարունակում եմ սկսածս բարդ գործը, հույս եմ ինձ տալիս, որ նույնիսկ ամենապրոֆեսինալ գրողների համար դժվար է գրել երգեր, քան վեպեր»,- ժպտալով ասել է նա:
Գրադարակում դրված է նաև Լենինի փոքրիկ ոսկեզօծ կիսանդրին. «Իմ վիլլայում նման երեք հատ կա: Եթե ինչ որ մեկը մեծ արձան ուղարկի՝ կտեղադրեմ այգումս, ձիթենիների արանքում»: