Գրական նավարկության մեկնարկը տրված է
Աշխարհի տարբեր երկրներից հեղինակավոր գրողներն այսօրվանից Հայաստանում մտնում են տապանի մեջ ու մինչև սեպտեմբերի 28-ը դուրս կգան գրական նավարկության: Հայաստանը գրականություն է հյուրընկալել, մեկնարկել է «Գրական Տապան-2014» միջազգային փառատոնը:
Մեկնարկը հայ դասական երաժշտության հայր Կոմիտաս Վարդապետի «Հայաստան» ստեղծագործությամբ ազդարարվեց:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, նկատելով, որ փառատոնն արդեն ավանդական է և անցկացվում է հինգերորդ անգամ, ասաց. «Այս թիվը խոսում է փառատոնի կայացած լինելու մասին»:
Նա ասաց, որ այս տարի փառատոնին մասնակցում են գրողներ տարբեր երկրներից, նաև այն վայրերից, որտեղից նախորդ տարիներին մասնակիցներ չեն եղել և հավելեց, որ մասնակցում են նաև բազմաթիվ հայ հեղինակներ:
Ըստ Ներսես Տեր-Վարդանյանի՝ հայ հեղինակների համար փառատոնը հրաշալի միջավայր է արտերկրում գրականության միտումների վերաբերյալ պատկերացում կազմելու և իրենց հուզող հարցերն արտերկրի գործընկերների հետ քննարկելու համար:
Բացման արարողությանը տեղի ունեցավ «Գրական տապան-2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:
Նախորդող՝
«Գրական տապանը» մեկնարկում է. հայ և եվրոպացի գրողները կհանդիպեն Երևանում