Էլվիրա Ուզունյանը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում
Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը հոկտեմբերի 25-ին ելույթ է ունենալու Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգը կրելու է «Թերթելով օպերայի էջերը» խորագիրը:
Է. Ուզունյանը ծնվել է 1934թ. դեկտեմբերի 6-ին, Թբիլիսիում: 1956թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Սովորել է Թբիլիսիի Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում և 4-րդ երաժշտական դպրոցի երգեցողության դասարանում: 1963թ. ավարտել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիան: 1962թ-ից, որպես մեներգչուհի, հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: 1978թ. արժանացել է Հայաստանի և Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին: Մի շարք դերեր է կերտել նաև կինոյում: Նկարահանվել է «Գառնի» (1966թ.), «Երիտասարդության ափը» (1969թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Կրկին հինգ օր» (1978թ.), «Հյուրանոց "Տատիկ"» (1980թ.), «Մասնակի դեպք» (1983թ.) և այլ ֆիլմերում: Վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդես է եկել բազմաթիվ համերգներով: Համագործակցում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ: Բոստոնում ստեղծել և ղեկավարում է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը: