Երևանում և մարզերում կայանալու է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն
Նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում:Փառատոնն այսուհետ կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում՝ նոյեմբերի 12-ին:Մարզային փուլը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը և մուլտֆիլմերը:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ՝ 38 երկրից:Հոբելյանական 10-րդ փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձևաչափը. այս տարի տարբեր անվանակարգերումկաշխատեն միայն երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրվունքներ ունեմ» անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները:
Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այն նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորների համար:
Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը, ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ