«Սպենդիարյանի ներշնչող մեծ անունը երբեք չի մոռանալու հայ ժողովուրդը» (տեսանյութ)
«Ալեքսանդր Սպենդիարյանը մեծատաղանդ, ինքնատիպ, անթերի ու բազմակողմանի տեխնիկա ունեցող կոմպոզիտոր է: Նրա երաժշտության մեջ զգացվում է ներշնչման թարմություն, կոլորիտի բուրմունք, մտքի անվերջություն և նրբագեղություն, մշակման կատարելություն»,- այսպես է ներկայացրել կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը Ալեքսանդր Սպենդիարյանին:
Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է. 1871 թ. նոյեմբերի 1, Ուկրաինայի Կախովկա քաղաք:
Միջնակարգ կրթությունը ստացել է Սիմֆերոպոլի գիմնազիայում։ Երաժշտական պարապմունքներն սկսել է ինը տարեկանից, սովորել է ջութակ նվագել։ 1895թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը։ Մոսկվայում շարունակել է ջութակի դասեր վերցնել Մեծ թատրոնի նվագախմբի ջութակահար Պեկարսկուց։ Նրա երաժշտական զարգացման համար չափազանց մեծ նշանակություն է ունեցել մասնակցությունը ուսանողական սիմֆոնիկ նվագախմբին։ 1896-1900թթ.Պետերբուրգում աշակերտել է նշանավոր կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին, որը մեծապես հավանում էր նրա երաժշտությունը և խրախուսում էր նրան ավելի խորանալ հայկական ժողովորդական երաժշտության ուսումնասիրության մեջ։ Հետագայում ապրել է Ղրիմում, ուր ծավալել է երաժշտական-հասարակական բուռն գործունեություն։ Յալթայի նրա տունը դառնում է մշակութային կենտրոն, ուր հաճախ եղել են Գորկին, Չեխովը, Գլազունովը, Արենսկին, Շալյապինը։
1916թ. «Հայոց երաժշտական ընկերության» հրավերով Ալեքսանդր Սպենդիարյանը հեղինակային համերգով այցելել է Թիֆլիս։ 1924 թվականին ՍպենդիարյանըՀայաստանի կառավառության կողմից հրավիրվում է Երևան, որտեղ ստեղծագործում է մինչև կյանքի վերջը։
Նա գրել է խորհրդահայ առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ): «Ալմաստ»-ն Ալեքսանդր Սպենդիարյանի թողած երաժշտական ժառանգության և անցած ստեղծագործական ուղու զարգացման գագաթնակետն է։ Հայկական ազգային ինքնուրույն օպերային արվեստի զարգացման գործում «Ալմաստը» հիմնական ու կարևոր փուլերից մեկն է։ Իր պրոֆեսիոնալ կատարելությամբ, երաժշտական-դրամատուրգիական հագեցվածությամբ, ձևի թեմատիկայի և երաժշտական արտահայտչական միջոցների վարպետությամբ, այս մոնումենտալ ստեղծագործությունը հասնում է դասական կատարելության, համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներին։
Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայկական կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ), «Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներից են:
Ալ. Սպենդիարյանը մահացել է 1928թ. մայիսի 7-ին Երևանում։ Թաղված է օպերային թատրոնի մերձակա պուրակում։
«Այն, ինչ նա (Սպենդիարյանը) թողեց մեզ՝ անմահ է, անկորնչելի, և իր հեռազդեցությամբ ապագա սերունդների վրա՝ անգնահատելի: Նրա ներշնչող մեծ անունը երբե՜ք չի մոռանալու հայ ժողովուրդը, որին միշտ պիտի հուզե, ոգևորե նրա նվիրական անկրկնելի քնարը»,- ասել է գրող Ավետիք Իսահակյանը:
Ավանդույթի համաձայն այս տարի ևս նոյեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի ծննդյան 143-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրքէ մատուցվել կոմպոզիտորի շիրիմի մոտ: Այնտեղ էին կոմպոզիտորի անունը կրող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի, Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվները, մշակույթի անվանի գործիչներ:
Լուսանկարները՝ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին