Երնջակյանի ֆիլմը. Երեխաների աչքեր, որոնք ավելի հուզիչ են, քան շատ արյունն ու դաժան տեսարանները
Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը ֆիլմ է նկարահանել` «Խավարում» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը (2013 թ.), որն իր մեջ ամփոփում է 1915թվականի ջարդերի թեման:
«Տասը րոպեանոց ֆիլմում չկա ոչ մի կաթիլ արյուն, կան երեխաների աչքեր, որոնք ավելի հուզիչ են: Մի փոքր նովել է, պատմություն, որը, կարծում եմ, ավելի հուզիչ է ու հասկանալի, քան յաթաղաններով ասկյարների ոհմակներով, դաժան տեսարաններով լի ֆիլմերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Երնջակյանը:
Ըստ նրա, նման ողբերգական իրադարձություններում ամենաառաջին տուժողները երեխաներն են, մեծահասակները կարողանում եմ ինչ-որ կերպ վերապրել, ընտելանալ, սակայն երեխաները չեն հասկանում, թե ինչ է լինում իրականում, ինչու իրենք երեկ հայրեր ու մայրեր ունեին, իսկ այսօր չունեն:
Նա նշեց, որ սովորաբար ընդունված է այս ողբերգության հետ կապված ֆիմերում պետք է լինեն կարմիր գլխարկներով թուրքեր, հղի կանայք ու երեխաներ, շատ արյուն. «Թվում է, թե այդպես կկարողանան ավելի լավ ներկայացնել սարսափելի այդ օրերը»:
Ֆիլմի համար անհրաժեշտ գումարը տրամադրել է «Ոսկե ծիրան» հիմնադրամը, սփյուռքի, մշակույթի նախարարությունները:
Ա. Երնջակյանն ասաց, որ ցանկացել է նկարահանել «Ջրհեղեղ» խորագրով լիամետրած ֆիլմ՝ կրկին այս թեմայով, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն բավարարել:
«Խավարում» ֆիլմը ներկայացվել է նաև ՀՀ նախագահի մրցանակին: Ա. Երնջակյանն ասաց, որ արդեն տարբեր երկրներից ստացել է հրավերներ. «Այս ֆիլմի կենսագրությունը նոր է սկսում»:
Ռեժիսոր Միքայել Դովլաթյանը նշեց, որ ֆիլմը շատ համամարդկային է. «Այս ֆիլմը, ցավոք, արդիական է: Նման երեխաներ կան Ուկրաինայում, Սիրիայում: Սրանում է կայանում այս փոքրիկ պատմության մեծությունը»:
Ֆիլմի ռեժիսորը, համապրոդյուսերը և սցենարի հեղինակը Արա Երնջակյանն է, բեմադրիչ նկարիչը` Արմեն Ղազարյանը, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Ա. Երնջակյանն ասաց, որ կարևորը ոչ թե շատ միջոցառումներ կազմակերպելն է, այլ որ դրանք լինեն թիրախավորված, որպեսզի արդյունք ունենան:
«Քրիստոնեության ընդունման 1700- ամյակն այնքան էլ ճիշտ չկազմակերպվեց: Կարծում եմ, այդ ամեն ինչը հաշի է առնվել, մի քիչ ավելի լուրջ մոտեցում կլինի»,- նշեց Ա. Երնջակյանը: