«Պատասխան`100 տարի անց. անցյալը ներկայում».Գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի ամփոփում
Փետրվարի 24-ին և 25-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացել է «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով փակ մրցույթ-ցուցադրությունը։ Ցուցադրությանն այցելել և աշխատանքները գնահատել են մտավորականության` 20-ից ավելի ակնառու ներկայացուցիչներ` առավելապես կերպարվեստի գործիչներ: Այս մասին հայտնում է մրցույթ-ցուցադրության լրատվական ծառայությունից:
Աշխատանքները գնահատվել են 1-5 միավորի սահմանում` համաձայն մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքների գնահատման չափորոշիչների.
1. Տրված վավերագրերին համապատասխանությունը:
2. Աշխատանքի գեղարվեստական արժեքը /կոմպոզիցիոն կառուցվածք, գունային համադրություն, նյութի օգտագործման տեխնիկա/:
3. Ստեղծագործության համոզչականությունը:
Այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից լավագույն 15-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրության մեջ: Մեկ աշխատանք էլ կստանա «Հատուկ» կարգավիճակ, որի հեղինակը կպարգևատրվի ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։ Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին:
Մինչև 2015 թ. հունիսի 1-ը նախագծի շրջանակում կիրականացվի 2 ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը:
1. 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով:
2. Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` ՀՀ ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:
«Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում». Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի ամփոփման արդյունքներն՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ